Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը, համաձայն վերջին սոցհարցումների, նախագահի առաջիկա ընտրությանը ետ է մնում իր մրցակից Ջո Բայդենից, առաջադրվել է 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի:
FoxNews-ի փոխանցմամբ՝ նա առաջադրվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Նորվեգիայի պատվիրակության նախագահ Քրիստիան Թայբրինգ-Ջեդդեի կողմից, որը նշել է Թրամփի առանցքային դերը, մասնավորապես, Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների հաստատման գործում: «Քանի որ ակնկալվում է, որ Մերձավոր Արևելքի այլ երկրներ կգնան ԱՄԷ-ի հետքերով, այս համաձայնագիրը կարող է խաղի կանոններ փոխել՝ Մերձավոր Արևելքը դարձնելով համագործակցության և բարգավաճման տարածաշրջան»,- ասել է Թայբրինգ-Ջեդդեն: Նա նաև գովել է ԱՄՆ նախագահին հակամարտող կողմերի միջև շփումներին նպաստելու համար, մասնավորապես խոսքը Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների մասին է: «Թրամփն ընդհատեց ամերիկյան նախագահների 39-ամյա շարքը, որոնք կա՛մ պատերազմ են սկսում, կա՛մ Միացյալ Նահանգներին ներքաշում են միջազգային զինված հակամարտության մեջ»,- ավելացրել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ իր նախաձեռնությունը կապված չէ ԱՄՆ նախագահին սիրաշահելու փորձերի հետ:




Comments