Թրամփը վստահ է, որ կորոնավիրուսի համաճարակը կանցնի առանց պատվաստանյութի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կորոնավիրուսից կհաջողվի ազատվել անկախ այն բանից, թե ԱՄՆ-ում կհայտնվի արդյոք պատվաստանյութը:
«Երբ մենք ազատվենք այդ վիրուսից, իսկ դա կանցնի, և դա տեղի կունենա ավելի արագ, քան մարդիկ կարծում են. կանցնի պատվաստանյութերով եւ նույնիսկ առանց դրանց: Դա տեղի կունենա»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների առջեւ: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման եզրափակիչ փուլը, և հայտարարել է, որ «այն կարող է հայտնվել մինչեւ տարեվերջ կամ շատ ավելի շուտ»:
«Մենք միասին կհաղթահարենք վիրուսը»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդանացների թիվը գերազանցել է 5,7 միլիոնը, երկրի 177 հազար բնակիչներ մահացել են: ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա, այժմ նոր պատվաստանյութն անցնում է փորձարկումների եզրափակիչ փուլը: Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ պատվաստանյութը կարող է հայտնվել մինչև տարեվերջ:




Comments