Թաիլանդն ապրիլից 9 դոլար հարկ է ներդնում տուրիստների համար

Թաիլանդն ապրիլից 9 դոլար զբոսաշրջային հարկ է սահմանում օտարերկրյա այցելուների համար, հայտնում է AFP-ն։ Մուտքի խիստ կանոնակարգերը, որոնք ներդրվել են համավարակի զսպման համար, անցյալ տարի հարվածեցին Թաիլանդի կարեւորագույն զբոսաշրջության ոլորտին, ինչը վերջին 20 տարում վատագույն տնտեսական ցուցանիշների հանգեցրեց: 300 բաթ (9 դոլար) նոր վճարը կներառվի ավիատոմսի մեջ, ասվում է Տանակորն Վանբունկոնգչանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: Մինչ համավարակը տարեկան մոտ 40 միլիոն մարդ էր այցելում Թաիլանդ, բայց թագավորությունը հույս ունի վերանայել իր զբոսաշրջության ռազմավարությունը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը: «Հասույթը կօգտագործվի օտարերկրյա զբոսաշրջիկների եւ կայուն զբոսաշրջության ենթակառուցվածքների բարելավման համար»,- AFP-ին ասել է Թաիլանդի զբոսաշրջության վարչության ղեկավար Յուտասակ Սուպասորնը: Տուրիզմի եւ սպորտի նախարարության տվյալներով՝ այս տարի զբոսաշրջությունից եկամուտները 39-54 միլիարդ դոլար կկազմեն, որից մոտ 24 միլիարդ դոլարը սպասվում է օտարերկրյա ճանապարհորդներից: Նախարարության կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին թագավորություն կժամանի մոտ հինգ միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, եթե ներկայիս ճանապարհորդությունների օրինաչափությունները մնան նույնը՝ համավարակից առաջ տարեկան մոտ 40 միլիոնից: Սակայն այդ թիվը կարող է հասնել 15 միլիոն այցելուի, եթե Չինաստանից, Հնդկաստանից եւ հարեւան երկրներից ժամանողների թիվը բարելավվի: Թաիլանդը մինչեւ 2021 թվականի վերջը թուլացրել էր իր մուտքի կանոնները՝ փորձելով վերականգնել զբոսաշրջությունը, բայց նորից փոխեց կանոնները, քանի որ օմիկրոն տարբերակով վարակման դեպքերի թիվն աճել է ամբողջ աշխարհում:




Comments