top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ընտրություններից հետո էական փոփոխություն չենք ունենալու կրթության և գիտության ոլորտում. Մխիթարյան


Ամենակարևոր բանը, որից պետք է սկսել, դա կադրային փոփոխությունն է: Այս մասին 168 ժամ-ի հետ զրույցում ասել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

«Նայել եմ բոլորի ծրագրերը, և կրթությանն ու գիտությանն առնչվող կետերը ոչ միայն կենացային են, այլև արտագրություններ կան: Դա նշանակում է, որ որևէ մեկը լուրջ չի վերաբերվել ծրագրային հիմնադրույթներին: Ըստ էության, կրթության վերաբերյալ բոլորը գրեթե նույն բանն են ասում: Կան մտքեր, որոնք կրկնվում են որոշ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում: Սա նշանակում է, որ ընտրություններից հետո էական փոփոխություն չենք ունենալու կրթության և գիտության ոլորտում, եթե այսպիսի վերաբերմունք կա»,-նշել է Ատոմ Մխիթարյանը

Նրա կարծիքով, սա այն բնագավառն է, որ կադրերը որոշում են ամեն ինչ: «Որովհետև նրանք պետք է ունենան փորձ, գիտելիքներ և կարողանան կրթության և գիտության ոլորտի կառավարման համակարգը փոխել: Շատերն ասում են՝ եկեք միայն ֆինանսավորման չափն ավելացնենք, սակայն կարծում եմ, դա էլ չի փոխի որևէ բան, եթե ոլորտում որոշումներ կայացնող մարդիկ մնում են նույնը կամ գրեթե նույն կարգի մարդիկ են լինում: Այսինքն, առանցքայինը փորձառու և գիտելիքներով հարուստ կադրերի ներկայությունն է կրթության և գիտության բնագավառում՝ որոշումների կայացման մեջ:

Համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանում կա Ալիևի անվան հիմնադրամ, որը հիմնականում խրախուսում է ադրբեջանցի երիտասարդների կրթությունն արտասահմանում: Այդ մարդիկ անգամ եվոպական ֆոնդերի կարիքը չունեին, որովհետև ըստ պահանջարկի՝ ֆինանսավորում էր բոլոր երիտասարդներին: Կարող էին Անգլիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի լավագույն բուհերում սովորել, իսկ վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց կրթությունը ֆինանսավորել նաև ավագ դպրոցում: Երեխաները կարողանում են անգամ շատ բարձր վճարով սովորել Մեծ Բրիտանիայի լավագույն ավագ դպրոցներում: Գիտեք, գիտությունը կղզյակներով չի զարգանում, և եթե դու չունես այնպիսի գիտնական, որը հասկանում է՝ ճակատը որտեղ է, որ ուղղություններով է զարգանում, և ինչպես պետք է այդ զարգացումը տանել, դու ոչ մի բան չես կարող անել:

Հետևաբար, պետք է խրախուսել և՛ կրթության արտահանումը, և՛ ներմուծումը: Բարձրագույն կրթության ոլորտում կարելի է ներգրավել արտասահմանցիներին, որովհետև դա փափուկ ուժ է, կարող ենք օգտագործել:

Հիշենք, թե Սովետական Միությունն ինչքան ուսանող ուներ երրորդ աշխարհի երկրներից, և հիմա նրանց միջոցով Ռուսաստանը կարողանում է ազդեցություն ունենալ Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և մնացած երկրներում: Իսկ Հայաստանը, կարծում եմ, գոնե Մերձավոր Արևելքի երկրների պարագայում կարող է այդ դերակատարությունն ունենալ՝ հաշվի առնելով դպրոցները, որ մենք ունենք դեռևս խորհրդային ժամանակաշրջանից»,- նշել է Ատոմ Մխիթարյանը:

Նա ընդգծել է՝ չկա ընդհանուր վերլուծություն, որպեսզի հասկանալի լինի, թե որ ուղղությամբ ինչ պետք է արվի:

«Գոնե մի հանրային քննարկում կազմակերպվի՝ գան, խոսեն, ու հասարակությունը հասկանա, թե ով ինչ պատկերացում ունի գիտության և կրթության ոլորտի վերաբերյալ»,- նկատել է կրթության փորձագետը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page