top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հայտարարությունը


Ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: «Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն, որի քաղաքական ու իրավական ամբողջական գնահատականը կտրվի առաջիկայում: Ն. Փաշինյանի և նրա վարչախմբի գործունեության յուրաքանչյուր ժամը մեր պետականությունը հյուծող և ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում ձախողված վարչախումբն անկարող է դիմագրավել աշխարհաքաղաքական մարտահրավերները, հաղթահարել երկրում օրավուր խորացող քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգեբարոյական ճգնաժամը: Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է: Ելնելով ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով հանրության լայն շրջանակների պահանջը՝ 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում: Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների: Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է. 1. Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 2. Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն: 3. Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ին համապատասխան հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար: 4. Վարչապետի միասնական թեկնածուն՝ 2020 թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է»,- ասված է հայտարարության մեջ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page