ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը վաղ է համարում ամառային զորակոչի երկարաձգման մասին խոսելը

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը վաղ է համարում ամառային զորակոչի երկարաձգման մասին խոսելը՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված։ Այս մասին նա ասաց ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսին։
«Զորակոչն ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի։ Անհրաժեշտության դեպքում` օրենքով սահմանված կարգով, կարող է երկարաձգվել։ Դեռ վաղ է դրա մասին խոսել։ Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին։ Բոլոր զինկոմիսարիատներին բաժանված են անհատական պաշտպանիչ միջոցներ, զորակոչից առաջ և յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվելու են ախտահանման աշխատանքներ»- ասաց Օհանյանը։
Ապրիլի 13-ի, ժամը 11։00-ի դրությամբ` կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող ավարտել է բուժումն ու դուրս գրվել` հետագա ծառայությանը մասնակցելու համար։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։




Comments