Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումը հոգեբանական ճնշում է Ռուսաստանի կողմից, եւ դրանում «ոչ մի նոր բան» չկա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ «Մենք կարծում ենք, որ սահմանների մոտ զորքերի կուտակումը հոգեբանական ճնշում է մեր հարեւանների կողմից։ Սրա մեջ ոչ մի նոր բան չենք տեսնում։ Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա դրանք կան եւ չեն ավարտվում՝ սկսած 2014 թվականից»,- ասել է նախագահը։ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան անում է ամեն ինչ, որպեսզի ուժեղացնի իր պաշտպանունակությունը եւ կարողանա արձագանքել իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Այսօր մենք ունենք բավականաչափ ուժեր եւ սպառազինություն, որպեսզի արժանապատվորեն պաշտպանենք մեր պետությունը՝ առանց որեւէ մեկին ներգրավելու, բացի զինվորականներից»,- վստահեցրել է նա։ Միաժամանակ, նա նշել է, որ միջազգային գործընկերներն ու դաշնակիցները նույնպես ակտիվացրել են իրենց գործունեությունը՝ Ուկրաինային աջակցելու եւ իրավիճակը կայունացնելու համար։ «Աշխարհի շատ երկրներ մեր բարեկամներն են։ Կարծում եմ, որ Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի ջանքերի միավորումը շատ կարեւոր ազդանշան է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ անվտանգության խնդիրը չպետք է ազդի երկրի կյանքի վրա։ Նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի տնտեսական իրավիճակն այսօր կայուն է, ինչն արտահայտվում է գրիվնայի ամրապնդմամբ։ «Երկրի նախագահի եւ կառավարության հիմնական խնդիրը բիզնեսն է, տնտեսությունը, ներդրումային միջավայրը։ Բոլորը հասկանում են, թե ինչպիսի հարեւան ունենք, բայց դա չպետք է ազդի տնտեսության վրա»,- համոզմունք է հայտնել Վլադիմիր Զելենսկին։




Comments