top of page

Երևանի հաշվառման-քննական բաժնում անխափան աշխատանք կազմակերպելու համար միացել են ոստիկանական ուժեր

May 18, 2020
2 min read

Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Արմեն Սարգսյանը 2 ամիս քաղաքացիներին չսպասարկելուց հետո տրամաբանական է համարում տրանսպորտային միջոցների տեխզննման կայանում գոյացած հերթը։ Այս մասին ոստիկանության գնդապետն ասաց լրագրողների հետ զրույցում։ «Երևանի հաշվռման-քննական բաժանմունքը շուրջ երկու ամիս քաղաքացիներին չի սպասարկել, սպասելի էր, տրամաբանական էր, որ կուտակումներ էին լինելու: Մենք աշխատում ենք և քաղաքացիներին սպասարկում ենք արտակարգ, յուրահատուկ պայմաններում: Այս կուտակումն առաջացել է առավոտյան 08։55-ից, և հիմա տեսնում եք 15-20 հոգի, որոնք ցանկանում են առաջինը և րոպե առաջ մտնել հաշվառման-քննական ստորաբաժանման տարածք»,- նշեց գնդապետը:


Սարգսյանը հայտնեց, որ ստորաբաժանումն առանց ընդմիջումների է աշխատում և հնարավորինս արագ փորձում է սպասարկել: Նրա խոսքով՝ այսօր հավաքված քաղաքացիները երկու խմբով էին եկել, մի մասը՝ վարորդական իրավունք ստանալու քննություններ հանձնելու, իսկ մյուսը՝ հաշվառման ստորաբաժանման կողմից սպասարկվելու համար:

«Վարորդական վկայականներ ստանալու համար քաղաքացիներ այլևս չկան, նրանց կամ սպասարկել են, կամ ավտոդրոմում քննություն են հանձնում: Այն քաղաքացիները, որոնք բողոքում են, որ հերթը դանդաղ է առաջ գնում, պետք է գիտակցեն, որ բացի իրենցից, նաև այլ քաղաքացիներ են սպասարկվում»,- շեշտեց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները հերթում կանգնած ինքնուրույն ցուցակագրում են արել՝ հաշվառման-քննական բաժնի պետը նշեց, որ նման բան որևէ տեղ նշված չէ, բայց քանի որ իրենց մեջ ցուցակագրվել են, աշխատակազմն այդ հերթականությամբ ընդունել է նրանց: «Բացի հաշվառման-քննական ստորաբաժանման անձնակազմից, այստեղ ներգրավվել են նաև ոստիկանական այլ ուժեր, որոնք հորդորում են քաղաքացիներին կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն։ Ներսում էլ 15 աշխատակից անընդհատ իրականացնում է գրանցման աշխատանքներ, ինչպես նաև այլ աշխատակիցների կողմից տրամադրվում են լրացուցիչ ծառայություններ՝ դիմումներ, տեղեկանքներ, վարորդական վկայական ստանալու համար քննություններ և այլն»,- ասաց Արմեն Սարգսյանը։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ դեպքի առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ արվում է առավելագույնը քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:

«Հարգելի քաղաքացիներ, այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները, այդ թվում՝ հաշվառման-քննական բաժանմունքները: Նկատի ունենալով տևական ժամանակ կուտակված խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ հաշվառման-քննական բաժանմունքներն աշխատում են նախատեսված աշխատանքային ժամերից ավելի ու գործելու են նաև շաբաթ և կիրակի օրերին ,- նշել է Ջանոյանը և հավելել, որ ոստիկանությունն այդ հանձնառությունը կատարելու գործում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը, քանի որ առանց համընդհանուր օրինահարգության անհնար է հասնել մեր միասնական նպատակների իրականացմանը: ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալը կոչ է արել քաղաքացիներին անվերապահորեն կատարել համավարակի պայմաններում անձնական և հանրային անվտանգության ապահովման պահանջները՝ պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը: «Ամեն ոք պետք է հասկանա, որ իրավունքներից զատ ունի նաև պարտականություններ, որոնց կատարումն ուղղված է իր, հարազատների, ողջ հանրության անվտանգության ապահովմանը»,- գրել է Ջանոյանը:

 
 
 

Comments


bottom of page