top of page

Ես չէի կարող պատկերացնել, որ կարող էր այսպիսի հետևանք լինել. Սերժ Սարգսյան

Apr 30, 2021
2 min read

Անշուշտ ես չէի կարող պատկերացնել, որ կարող էր այսպիսի հետեւանք լինել։ Այս մասին Արմնյուզ-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ դա հակաղարաբաղյան շարժում է, հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձփել են հավատացնել, որ Հայաստանը չզարգացող երկիր է, որ Հայաստանում կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ աստիճանի, որ Հայաստանում անարդարությունը անսահման է եւ այլն։ Բայց որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, որ ես չէի կարող կանխատեսել։ Ես հասկանում էի, որ այո, կարող են լինել խնդիրներ։ Ես հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ։ Հնարավորությունը մեծ էր։ Ես այդպես էի կարծում»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ 2018-ին Ռադիոտան գրավումից հետո բոլոր հիմքերը կային Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, ինչու նա չձերբակալվեց, Սերժ Սարգսյանն ասաց․ «Այո, ակնհայտ էր, որ հանցագործություն կար, բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որեւէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, որ հետո ունեցանք, որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումներն ստանում էին բոլորովին այլ բնույթ։ Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ։ Կարծում էինք, որ սա միգուցե խայծ էր, որ նա ձերբակալվի, հերոսացվի եւ դրա հիման վրա շարժումը թափ հավաքի»։

Նա հավելեց, որ եթե որոշում կայացվեր ուժ կիրառելու, անպայման դա կիրականացնեին․ «Սկզբնական շրջանում մենք չունեինք այդպիսի որոշում, որովհետեւ կարծում էին, որ ճիշտ ճանապարհը մեղմ մոտեցումն է, մաշեցնելով, տանելով դեպի մարում այդ շարժումը, հատկապես, որ դրա փորձը ունեինք՝ Էլեկտրիկ Երեւան, ՊՊԾ գնդի գրավում, այլ դեպքեր։ Այդ ժամանակ մեզ հաջողվեց այդ շարժումները տանել դեպի մարում առանց լուրջ կիրառելու։ Նորից եմ ասում, կարելի էր ուժ կիրառելով խնդիրը լուծել, բայց եթե մենք փորձեինք ուժ կիրառել արդեն ապրիլի 19-ին եւ դրանից հետո, ապա կարծում եմ՝ հետեւանքները շատ ծանր կլինեին։ Հիշեք, թե որքան երեխաներ կանայք կային, մենք դրա համար ձեռնպահ մնացինք ուժի կիրառումից»,-ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։

 
 
 

Comments


bottom of page