top of page

Ես դիմել եմ միջազգային բոլոր կազմակերպություններին. Էդմոն Մարուքյան

Nov 29, 2020
1 min read

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ կառավարության շենքի առջև վարչապետի հրաժարականը և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլի նստած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Իմ պատկերացմամբ, այդ եռակողմ հայտարարության տեքստը կազմելիս Փաշինյանին ոչ մի բան էլ չեն հարցրել: Ինչ տվել են՝ այն էլ ստորագրել է: Սա աղետ է: Հոկտեմբերի 5-ին, երբ ես Արցախում էի, ինձ ասացին. դու գնա Հայաստան ու կռիվը կանգնեցրեք: Ես վերադարձել եմ այդ առաքելությամբ եւ ինչ արել եմ՝ գաղտնի է եղել: Ամբողջ ճանապարհին մտածել եմ, թե ինչու էսպես եղավ: Մտածում եմ, որ սա մեր ազգի պատիժն է, մենք ազգովի պատժվել ենք: Որովհետեւ վերջին հաշվով ինչ որոշվում, ինչ արվում է՝ ազգի անունից է արվում: Մի փոքր մասը դեմ է, բայց ազգովի պատժվեցինք մեծամասնության պատճառով: Հիմա ասում եմ. մենք խորհրդարանի մակարդակով տարբեր նախաձեռնություններով ենք հանդես գալիս: Ես դիմել եմ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե, որը միակ մարմինն է, որ կարող է գնալ Բաքու: Պահանջել եմ չպլանավորված այց իրականացնել Ադրբեջան: Դիմել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Կարմիր Խաչի ղեկավարին, նաեւ ԵԽ ղեկավարին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը ցանկանում է մեր ռազմագերիներին շքերթով քայլեցնել, ինչը Ժնեւյան կոնվենցիաների խախտում է, նամակներ են արդեն գնացել Ադրբեջան ու Բաքուն իրազեկված է, որ դա չի կարող անել: Բայց մեզանից տարած տանկերը, զինտեխնիկան ցուցադրելու են: Մարդուժ, կարծում եմ, չեն կարող տանել, քանի որ շատ լուրջ ենք զբաղվել: Եվ երրորդը, երեկ դիմել եմ ՌԴ նախագահին, որովհետեւ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահը որպես այս թուղթը ստորագրող միջնորդ, պետք է տեր կանգնի: Եթե ինքը տեր է կանգնում, որ մենք ամսի 1-ին դուրս գանք Լաչինից, ապա պետք է նաեւ տեր կանգնի, որ մեր գերիներին մեզ տան», - ասաց Էդմոն Մարուքյանը:




 
 
 

Comments


bottom of page