ԵՊՀ ապագա իրավագետներն այսօր հյուրընկալվել էին ՏՄՊՊՀ-ում

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր հյուրընկալվել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում: Այցի նպատակն էր ուսանողներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու հանձնաժողովի գործունեությանը: Ուսանողները մասնակցել է հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տնտեսվարողների համակենտրոնացումների և մրցակցության օրենսդրության շրջանակում հարուցված այլ վարույթների քննարկման վերաբերյալ հարցեր: Նիստը վարող ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է ուսանողներին՝ հույս հայտնելով, որ մրցակցության հարցերը և հանձնաժողովի գործունեությունը կհետաքրքրի ապագա իրավագետներին, քանի որ աշխատաշուկայում այժմ իրապես մրցակցության մասնագետների մեծ պահանջարկ կա: Նա նաև նշել է, որ ինքը նույնպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է և ավարտական աշխատանքը ներկայացրել է հենց տնտեսական մրցակցության թեմայով, մասնագիտացել այդ ուղղությամբ: Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը կարևորել է հանձնաժողովի և բուհ-երի հետ համագործակցությունը, որի սերտացման ուղղությամբ վերջին 1.5 տարում կարևոր քայլեր են իրականացվել: Նիստի յուրաքանչյուր հարցի քննարկումից հետո ՏՄՊՊՀ նախագահն ուսանողների համար մեկնաբանել է դրա նախապատմությունը, օրենսդրական կարգավորումները, հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները, իսկ արդեն նիստից հետո ներկայացրել հանձնաժողովի գործունեությունն ընդհանուր ուղղություններով: Նա մասնավորապես անդրադարձել է թվայնացման աշխատանքներին, օրենսդրական բարելավումներին, մարդկային ռեսուրսների կառավարման և կրթության ու վերապատրաստման հարցերին: Այնուհետև ուսանողների հետ հանդիպել և նրանց հարցերին է պատասխանել հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:




Comments