ԵԽ-ն եւ ԵՄ երկրները համաձայնության են եկել կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրինագծերի շուրջ

Եվրախորհրդարանի անդամները եւ ԵՄ կառավարությունները շաբաթ երեկոյան պայմանավորվել են բարեփոխել արտանետումների առեւտրի սխեման՝ արդյունաբերական արտանետումների հետագա կրճատման եւ կլիմայի համար բարենպաստ տեխնոլոգիաների մեջ ներդրումներն ավելացնելու համար, ասվում է Եվրախորհրդարանի տարածած հայտարարության մեջ: ԵՄ արտանետումների առեւտրի համակարգը (ETS), որն ամրագրում է «աղտոտողը վճարում է» սկզբունքը, եվրոպական կլիմայական քաղաքականության հիմքն է եւ ԵՄ-ի կլիմայի չեզոքության նպատակին հասնելու բանալին: Ջերմոցային գազերի արտանետումների համար գներ սահմանելով՝ ETS-ն առաջացրել է արտանետումների զգալի կրճատում ԵՄ-ում, քանի որ արդյունաբերություններն ունեն խթան՝ նվազեցնելու իրենց արտանետումները եւ ներդրումներ կատարելու կլիմայական խելացի տեխնոլոգիաներում, ասվում է վերոնշյալ հայտարարության մեջ: «Մինչեւ 2030 թվականը ETS ոլորտներից արտանետումները 2005 թվականի համեմատ պետք է կրճատվեն 62%-ով, մեկ տոկոսային կետով ավելի, քան առաջարկել է Հանձնաժողովը: Այս նպատակին հասնելու համար 2024 թվականին 90 MtCO2e-ի չափով եւ 2026 թվականին 27 Mt CO2e-ի չափով միանվագ կկրճատվի քվոտաների քանակը ԵՄ-ում, 2024-ից 2027 թվականներին այն կկրճատվի տարեկան 4,3% եւ 2028-ից 2030 թվականներին՝ 4,4 տոկոսով», - ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։ Խորհրդարանը եւ Խորհուրդը պետք է պաշտոնապես հաստատեն համաձայնագիրը մինչեւ նոր օրենքի ուժի մեջ մտնելը




Comments