Եթե ուզում են խոսել, նախագահի հրավերը շատ լավ ձևաչափ է. Անի Սամսոնյան

«Նախագահի հրավերը նշանակում է մեկ բան՝ նստել սեղանի շուրջ եւ քննարկել վիճակը, իսկ դա կառուցաղական նախաձեռնություն է։ Մենք ընդունել ենք այդ հրավերը, պարոն Մարուքյանը կմասնակցի այդ հանդիպմանը։ Նախագահն իր քայլն է արել. գնդակը բոլոր քաղաքական ուժերի եւ փողոցում ընդդիմադիրների դաշտում է, ինչպես նաեւ վարչապետի։ Եթե մարդիկ չեն ուզում, որ վիճակը խորանա, ապա պետք է խոսել։ Եթե ուզում են խոսել, նախագահի հրավերը շատ լավ ձեւաչափ է, որպեսզի պարզաբանվեն շատ հարցեր»,- այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Հարցին՝ արդյոք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրա՞ստ է իր օրակարգից որոշակի զիջումների գնալ, պատգամավորն ասաց. «Մեր օրակարգը ձեզ հայտնի է, դա արտահերթ ընտրությունների օրակարգն է, որը նաեւ Հանրապետության նախագահի օրակարգն է, բանակի օրակարգն է»։
Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ այդ օրակարգն իրականացվի, Սամսոնյանն ասաց՝ իշխանության քաղաքական կամքը. «Մենք արդեն հասկացանք, որ իշխանությունն իրականում զբաղեցնում է հրապարակներ, մարդկանց խաբելով, որ ինքը կարող է գնալ այդ քայլին եւ անել արտահերթ ընտրություններ, եթե խորհրդարանական ընդդիմությունն ընդառաջ գա։ Մենք եկանք ընդառաջ, ասացինք նաեւ թե որ դեպքում կարող ենք դա անել, բայց եթե իշխանությունն այդ կամքն ունենար, մենք արդեն կլինեինք մի իրավիճակում, երբ վարչապետը հրաժարական տված կլիներ։ Իրենք մեր առջեւ նախապայմաններ են դնում, մենք էլ մեր նախապայմաններն ենք դրել, չիրականացրին մեր նախապայմանները, մենք ինչո՞ւ պիտի իրենց նախապայմաններով առաջ շարժվենք։ Սա համագործակցային չէ»։
Հարցին՝ արդյոք Արմեն Սարգսյանն ունի՞ այն վստահությունը, որպեսզի հրավիրի քաղաքական ուժերին կոնսուլտացիայի, Սամսոնյանը պատասխանեց. «Մեր եւ մյուս ուժերի տարբերությունն այն է, որ նախ համագործակցությունը տեսնում ենք ոչ թե անձանց հետ, այլ ինստիտուտների։ Այսինքն՝ եթե մեկ անգամ անձը չի կատարել իր պարտավորությունը, դա չի նշանակում, որ մենք պիտի առհասարակ որեւէ հարցում չհամագործակցենք։ Նկատում եք, որ վերջին ժամանակներում նախագահը բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում, որը շատ ողջունելի է»։
Լրագրողի դիտարկմանը, որ միջազգային հարցման համաձայն՝ ԼՀԿ-ն մեկ տոկոս կհավաքի ընտրություններին, հարցին՝ արդյոք դա իրենց չի՞ մտահոգում, պատգամավորն արձագանքեց. «Դուք ի՞նչ եք կարծում, մենք նստել ու հաշվարկներ ենք արել, թե քանի տոկոս ունենք, որ պահանջենք արտահերթ ընտրություններ։ Մենք պահանջում ենք արտահերթ ընտրություններ, որովհետեւ այլ ելք չկա երկրում այս խնդիրը լուծելու համար։ Արտահերթ ընտրությունն այն կարմիր գիծն է, որը մենք պիտի քաշենք, որ երկիրն ընկնի զարգացման ռելսերի վրա։ Եթե ինքս իմանամ մյուս Խորհրդարանում պատգամավոր չեմ լինի, դա ինձ համար որեւէ նշանակություն չունի։ Որպես պատգամավոր ինձ էլ հաճելի չէ աշխատել մի երկրում, որն անընդհատ հիվանդի պես ցնցվում է»։




Comments