top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ Հայաստանում


Մենք լսել ենք վարչական ռեսուրսների օգտագործման եւ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու հետ կապված մեղադրանքների մասին, եւ դա լուրջ խնդիր է: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին:

Նա պարզաբանեց, որ կասկածներ են հնչեցվել ինչպես իշխող կուսակցությունից, այնպես էլ այլ կուսակցություններից:

«Մենք լուրջ ենք վերաբերվում այդ մեղադրանքներին: Եղել են խախտումներ, որոնք ճանաչվել են համապատասխան պետական ​​մարմինների կողմից: Ենթադրվում է, որ այդ բոլոր մեղադրանքներին ընթացք կտրվի: Մեր խնդիրն է հետաքննել Ընտրական օրենսգրքի խախտման մասին մեղադրանքների վերաբերյալ գործերի ընթացքը հետընտրական գործընթացների շրջանակներում»,- հավելեց Մերֆին:

Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ ընտրությունների օրը խնդիրներ են առաջացել հաշմանդամություն ունեցող անձանց որոշ տեղամասեր մուտք գործելու հետ կապված, տեղեկություններ կան նաեւ, որ ընտրատեղամասերում մարդկանց թիվը երբեմն գերազանցել է սահմանված նորմերը:

«Ինչ վերաբերում է լրատվամիջոցների աշխատանքին, ապա որոշակի քաղաքական կախվածություն կար: Արձանագրվել են լրագրողների վրա ճնշումների եւ ահաբեկումների դեպքեր: Բացի այդ, բողոքներ են եղել քաղաքական ուժերի կողմից այն մասին, որ նրանք չեն ստացել բավականաչափ եթերաժամանակ՝ իրենց ծրագրերը ներկայացնելու համար»,- շեշտեց նա:

Ըստ նրա՝ նախընտրական քարոզչության ընթացքում ագրեսիվ եւ անձնավորված վերաբերմունքը գուցե փոքր-ինչ խանգարում էին կառուցողականությանը:

«Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ ընտրական գործընթացը լավ էր կազմակերպված, ստեղծվել էին հավասար պայմաններ: Մեզ համար ոչ մի խոչընդոտ չկար, մեզ հետ աշխատանքում իշխանությունները թափանցիկ էին՝ այնպես, ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- եզրափակեց Մերֆին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page