Դպրոցականները 12 օր բանակային կյանքով կապրեն. կրթության փորձագետի տեսակետը

ԿԳՄՍ–ն նախագիծ է մշակել, ըստ որի` «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայի շրջանակներում դպրոցների 11-րդ դասարանի աշակերտներն այսուհետ պետք է ռազմամարզական ճամբար գնան։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գաղափարը գովելի է, քանի որ մարդը գիտելիքներն ավելի հեշտ է յուրացնում և կարողանում իրացնել, եթե պրակտիկ մասը նույնպես ապահովվում է։ Նա կարծում է, որ սա պետք է վերաբերի ոչ միայն ՆԶՊ–ին, այլ նաև մյուս առարկաներին։
«Նման փորձ մենք ունեցել ենք խորհրդային տարիներին բարձրագույն ուսումնական հաստատություններում, որտեղ գործում էին ռազմական ամբիոններ։ Ինքս էլ սովորելու տարիներին հավաքների էի մասնակցում։ Հետաքրքիրն այն էր, որ ռազմամարզական հավաքներին պատշաճ մասնակցություն ցուցաբերելուց հետո զինվորական կոչումներ էինք ստանում»,–ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով` ԿԳՄՍ նախարարության ներկայացրած վերոհիշյալ նախաձեռնությունը կարևոր և գաղափարի մակարդակով շատ լավն է։ Սակայն, ըստ կրթության փորձագետի, նախագիծը գաղափարից այն կողմ իր մեջ ոչինչ չի պարունակում` այն ասես ցանկությունների դեկլարացիա լինի։
Մխիթարյանը նշում է` ճիշտ է, ողջունելի է, որ ճամբարին պետք է մասնակցեն ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները, սակայն 12 օրը բավական քիչ է հմտություններ ձեռք բերելու համար։ Նա առաջարկում է, որպեսզի ՆԶՊ–ի պրակտիկ մասը կատարվի ուսումնական զինվորական հաստատություններում։ Այս կերպ հասարակություն և բանակ կապը կամրապնդվի, քանի որ, ըստ Մխիթարյանի, հասարակության մոտ անվստահության չափաբաժին կա բանակի նկատմամբ։
«Շատերն ուղղակի չեն պատկերացնում, թե բանակում ինչ վիճակ է և ինչ մթնոլորտ է տիրում։ Ուստի, դպրոցն ու բանակը կապելու կամուրջ կարող է հանդիսանալ այն, որ հենց ռազմական ուսումնական հաստատությունում անցկացվեն այդ ճամբարները»,–ասաց Մխիթարյանը` հավելելով այդ դեպքում նախատեսված ծախսերն էլ դուրս կգան, քանի որ արդեն իսկ հատուկ ճամբար ստեղծելու կարիք չի լինի։
Մասնագետը նշեց, թե հակառակ դեպքում մեծ թվով մասնագետների կարիք է լինելու և հարց է առաջանում` արդյո՞ք նրանց պատրաստվել պետք չէ, ինչը նույնպես հավելյալ ծախսեր է ենթադրում։ Ուստի, ըստ նրա, ավելի ճիշտ կլինի, որ ճամբարի փոխարեն հավաքներ լինեն, և ժամանակ առ ժամանակ իրար փոխարինելով` դպրոցականներն այցելեն ու իրական պայմաններում պատրաստվածություն անցնեն։
Մխիթարյանը վստահեցնում է` նախարարության ներկայացրած ձևաչափով ճամբարի անցկացումը կլինի ոչ արդյունավետ և ծախսատար։
Նշենք, որ նախագիծը հանրային քննարկման է դրված և բաց է կարծիքների համար մինչև փետրվարի 25-ը։




Comments