top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Խրիմեանական ոգու առկայծում է հարկավոր․ Դերենիկ Մելիքեան

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր ՝ Դերենիկ Մելիքեանի խոսքը Պարգև Սրբազանին․

ԽՐԻՄԵԱՆԱԿԱՆ ՈԳՈՒ ԱՌԿԱՅԾՈՒՄ Է ՀԱՐԿԱՒՈՐ...

«Ես միշտ այստեղ եմ լինելու, մի պատ էլ մնայ` նստելու եմ այդ պատի տակ»

Խոցւած Արցախի հերոս առաջնորդ Պարգեւ Սրբազան

Օրհաս է ապրում Հայաշխարհը...

Հայաստան-Արցախ-Սփիւռք Եռամիասնութիւնը՝ խոցւած...

Եռամիասնութեան ողնաշար՝ Արցախն են խոցել...

Հայաշխարհը՝ ընդվզած...

Ազատութեան հրապարակից է հնչում ազգի ցասումը, բողոքն ու պահանջը:

Ցասում՝ խաբւած-նսեմացւած լինելու, բողոք՝ անտեսւելու ե՛ւ պահանջ՝ Հայրենազրկումը կանխելու համար:

Այս ամէնն է խտացւած ու բանաձեււած, ահա, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի ահազանգող խօսք-պատգամում, հնչած՝ յաւիտեանս անառիկ Շուշիի Ղազանչեցոցից...

Ահաւասիկ.

.... Վեհափառ Հայրեր՝ Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Առաջին, հրապարակ իջէք... կանգնէք ազգի մերօրեայ պոռթկումի առաջնագծում եւ ազգի ոգին, հոգին ու սիրտը ողողէք Համազգային առաւել հուժկու Պահանջատիրութեամբ, յաչս աշխարհի:

Վերապրելով ճակատագրական պահը, մերօրեայ Խրիմեան Հայրիկ դառնալ է հարկաւոր, որպէսզի թղթէ շերեփների ձախորդ ճակատագրի պատրանքները չուղեկցւեն հայրենազրկմամբ:

Թուրք ոսոխի դէմ Ս. Էջմիածինը պաշտպանող Գէորգ 5-րդի օրինակով սատար կանգնէք Ղազանչեցոցն ու Դադիվանքը չլքող Պարգեւ Սրբազանին:

Մի մոռացէք, որ ազգին հայրենազուրկ դարձնող մերօրեայ Վասակները նոյն այն ազգադաւկռապաշտներն են, ովքեր դեռ երէկ իրենց առաջին թիրախն էին դարձրել Ս. Էջմիածինն ու քարկոծում հայոց կաթողիկոսին, ծանակելով հայութեան ոգու առկայծման հաւատոյ հանգանակ՝ Հայոց Առաքելական Եկեղեցին...

Արդ, ո՞ւր են եկեղեցական-հոգեւորական թափօրները՝ Երեւանեան ըմբոստացած հրապարակներում ու փողոցներում...

Պատնէշին կանգնածը, բայց միայնակ՝ մերօրեայ Խրիմեան Հայրիկն է, Գէորգ 5-րդը եւ ազգի ողնաշարին կառչած, հերոս հոգեւորական Պարգեւ Սրբազանը:

Նա պատգամում է մեզ՝ բոլորիս.- մի թողէք կոտրեն ազգի լինելիութեան ու գոյապայքարի առանցքն ու դրա ողնաշարը հանդիսացող Հայոց Արցախը:

Վեհափառ Հայրեր,

Ընդառաջ եղէք՝ ազգովի յարատեւ պայքար մղելու, ամրապնդելու համար առաւել քան երբեւէ Հայի տոկունութիւնն ու ոտնահարւած խիղճը փոխհատուցելու՝ յանուն համազգային արժանապատւութեան վերականգնման ու յանուն գալիք յաղթող սերունդների արժանավայել Հայրենակերտման ... : «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page