Դատարանը քննում է դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու մասին միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 3-ին, քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:
Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։
Այդ մեղադրանքի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել եւ՛ փաստաբանները, եւ՛ դատավորները։ Նրանք պնդում են, որ դատավորի այդ որոշումն օրինաչափ է։
ԲԴԽ-ն ոտնահարել է դատավոր Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը. դատավորի փաստաբան
Ո՞վ է դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը
Սյունիքի դատավորների հայտարարությունը՝ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ
Դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը եւ կալանավորել է քաղաքացուն․ դատախազության պարզաբանումը




Comments