top of page

Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ապակառուցողական քայլերը

Sep 1, 2020
1 min read

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։


Հանդիպումը կայացել է պաշտպանության նախարարության շենքում։ Հանդիպմանը ներկա էր նաև Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համագործակցության միջոցառումների վերսկսումը, փոխայցելությունների և քննարկումների իրականացումը։

Տոնոյանը և ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հրահրված լարվածությունը։


«Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպան Տուրնակիսն իր հերթին անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակին։

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին:




 
 
 

Comments


bottom of page