top of page

Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ. ԿԳՄՍՆ

Mar 10, 2021
2 min read

Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:

«Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,- նշում է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` գործող կարգավորումները սահմանում են, թե որ դեպքերում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ այդմ` հնարավոր է իրավիճակային լուծումներ տալ: Այսինքն` եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության՝ մինչև իրավիճակը փոխվի, և նորից անցում կատարվի առկա ուսուցման։ Ժ. Անդրեասյանի գնահատմամբ` այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է. այսինքն` սահմանափակումների կամ նոր խստացումների, այն է՝ հեռավար կրթության անցնելու որոշում ողջ համակարգի համար չի կայացվում: Նմանօրինակ որոշում, ըստ անհրաժեշտության, կարող է կայացվել առանձին դպրոցների համար:

Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցնում է, որ Առողջապահության նախարարության կողմից վերջերս մեղմացվել են կանոնները. սոցիալական հեռավորությունը նախկին 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր: Հետևաբար, դասարաններում կարող են գտնվել 20-ից ավելի աշակերտներ, եթե ապահովվում է նշված սոցիալական հեռավորությունը: Դրանով, ըստ փոխնախարարի, լուծում է ստացել այն դասարանների ամենօրյա ռեժիմով դասեր կազմակերպելու խնդիրը, որոնք, ունենալով 22-23 աշակերտ, դասեր էին կազմակերպում հերթափոխով` դասարանը կիսելու սկզբունքով:

«Մեկ մետր հեռավորություն պահելու դեպքում դպրոցները կարող են միասնական դասապրոցես կազմակերպել»,- նշում է Ժ. Անդրեասյանը` հավելելով, որ բազմաթիվ դպրոցներ արդեն անցել են ամենօրյա ռեժիմով առկա ուսումնական գործընթացի: Փոխնախարարը նաև շեշտում է, որ համավարակի կանոնների պահպանումը բխում է դպրոցների շահերից, որովհետև կանոնների պահպանումն առկա ուսուցումը չընդհատելու գրավական է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` շատ քիչ թվով դպրոցներ են անցել հեռավար ուսուցման` պայմանավորված համավարակի թվերի աճով, ինչը նշանակում է, որ դպրոցները հետևողական են կանոնների պահպանման հարցում:

 
 
 

Comments


bottom of page