Գնումների ոլորտի վերաբերյալ քննարկումներ՝ ՀՀ Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի
հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ
ապրիլի 25-ին մայրաքաղաքի մշակութային օջախների ղեկավարների հետ
աշխատանքային քննարկում է կազմակերպել գնումների ոլորտին առնչվող հարցերի
շուրջ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հիմնական նպատակն է վեր հանել ոլորտում
առկա խնդիրները եւ փորձել կառավարության հետ համատեղ դրանց տալ
օրենսդրական լուծումներ:
Երեւանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հավաստմամբ՝ գործող
«Գնումների մասին» օրենքը ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է
խոչընդոտներ, հաշվի չի առնում ոլորտի առանձնահատկությունները:
Բանախոսը խնդիրներից առանձնացրել է մրցույթ կազմակերպելու գործընթացը, ինչը,
ըստ նրա, չի ապահովում որակյալ ապրանքի ձեռքբերում: Օրենքն արգելում է նշել
ապրանք արտադրող երկրների եւ կազմակերպությունների անունները:
Ռուբեն Բաբայանը նշել է, որ օրենքում բացակայում է, «վստահելի գործընկեր»
հասկացությունը, առաջարկել ուսումնասիրել համաշխարհային փորձը: Ըստ նրա`
անհրաժեշտ է բեմադրության ծախսերն առանձնացնել եւ այն սահմանել առաձին
տողով, ներկայացումների համար տրամադրել թատրոնի ընդհանուր բյուջեի 30
տոկոսը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ գանձապետական
համակարգը պետությանը պատկանող դրամական միջոցների սպասարկումն ու
համակարգումն իրականացնում է օրենքի դրույթներին համապատասխան: Նրա
խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային հարուստ ու
քննություն բռնած փորձը: Նախարարը մեկ կազմակերպությունից գնումների
իրականացումը համարել է ռիսկային:
Ֆինանսների նախարարը պատրաստակամություն է հայտնել նեղ մասնագիտական
շրջանակում քննարկել առաջարկությունները եւ գտնել լուծումներ:
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը գնումների ոլորտում
իրականացնում է վերահսկողական հստակ գործառույթներ եւ ապահովում դրա
թափանցիկությունը:
Նշվել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումները
կլինեն շարունակական:




Comments