Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
«Չնայած սրան, վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,- նշել է Դերձյանը:
Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում՝ հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին:
Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Մարտի 9-ին էլ աղջիկը գիտակցության թեթև ակտիվություն էր ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: Նա արդեն շնչում է ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։




Comments