top of page

Գյումրիում բնակարանամուտ է տոնել 6 ընտանիք, բացվել են նաև Մայր Հայաստան հուշահամալիրը

Sep 5, 2020
1 min read

Այսօր Հանրապետության երկրորդ քաղաքը նշում է իր տոնը։ Ամենամյա տոնն այս տարի այլ ձևաչափ ունի։ Հյուրընկալ քաղաքն «Իմ սեր Գյումրի» խորագրի ներքո տոնական օրն անցկացնում է առանց հյուրերի։ Համավարակի պատճառով սահմանված կանոնների ու սահմանափակումների թելադրանքով միջոցառումները տեղի են ունեցել առանց պաշտոնական հյուրերի, առանց մասսայական իրադարձությունների։ Գյումրիի տոնական առավոտն այսօր բացվեց քաղաքի արձանները լվանալով։ Թարմացան գյումրեցի մեծանուն գրողների, դերասանների, աշուղների արձանները։ Քաղաքի օրը բնակարանամուտով նշանավորելն ավանդույթի է վերածվել։ «Արդա» բարեգործական հիմնադրամի ու քաղաքապետարանի համատեղ ծրագրի արդյունքում Անի թաղամասում կիսակառույցների հիմքի վրա կառուցվեցին սոցիալական բնակարաններ, որոնց այսօրվա շահառուները հուլիսի 13-ի հեղեղից տուժած Ավտոկայանի տնակային թաղամասի վեց ընտանիքներն են։ «Այստեղ էնքանով է լավ, որ չենք վախենա անձրևներից, նորմալ սենյակներ են, գազ է, լույս է, ջուր է. լրիվ կա, արդեն հարմարվել ենք ու տեղափոխվել»,-իր բնակարանի նոր պայմաններն է նկարագրում Վարդուշ Իբրաչյանը:

«Ամեն անձրևի ժամանակ ես սթրեսի մեջ էի հայտնվում, հիմա նոր բնակարանում այդ խնդիրը չկա: Այստեղ ենք տեղափոխվել չորս անձով, իսկ մեր տնակները պետք է ապամոնտաժվեն»,-նշում է նախկին տնակային թաղամասի բնակիչ Նաիրա Ավետիսյանը: Գյումրի այցելողների համար գեղեցիկ զբոսավայր է նաև Մայր Հայաստան հուշահամալիրը, որը վերանորոգված ու նոր տեսքով քաղաքի այցեքարտերից մեկն է դառնում։Քաղաքապետարանի կիսանկուղային հարկում բացվեց նաև քաղաքային ցուցասրահը, որը գյումրեցի արվեստագետների համար կդառնա մշակութային նոր օջախ ու իրենց գործերի ցուցադրման լավագույն վայրերից մեկը:



 
 
 

Comments


bottom of page