top of page

Գերությունից վերադարձած զինծառայողի կալանքն անհամատեղելի է վնասվածքի հետ՝ ոտքի ամպուտացման վտանգ կա

Jan 21, 2022
2 min read


Վաղը՝ ժամը 14:00-ին, փաստաբան Արա Կարապետյանի միջնորդության հիման վրա տեղի է ունենալու զինծառայող Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Զինծառայող Արամյանը 2021թ.-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված, ապա գերեվարված զինծառայողներից է, ով հայրենիք վերադարձվելուց հետո կալանավորվել է։ Արեն Արամյանը մասնակցություն է ունեցել 2016 թվականի քառօրյա պատերազմին, 2020 թվականի հուլիսյան դեպքերին և 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին, ինչի համար հրամանատարության կողմից ներկայացվել է պետական պարգևի։ 2021 թվականի նոյեմբերի 16-ին դիմակայելով թշնամու գրոհներին, վարել է մարտական գործողություններ, որի ընթացքում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում ծնկի շրջանում, ինչից հետո թշնամին մոտեցել է ու ինքնաձիգի պոչով հարվածներ է հասցրել Արեն Արամյանի գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Գերեվարվելուց հետո ենթարկվել է խոշտանգումների։ Հայրենիք վերադառնալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել։ Տասն օր անց Արեն Արամյանը դուրս է գրվել զինհոսպիտալից և անմիջապես ձերբակալվել։ Արեն Արամյանի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ աջ ազդոսկրի դրսային կոճի ներհոդային բազմաբեկոր կոտրվածքով, աջ քունքային շրջանի կարած վերք և խորհուրդ է տրվել շարունակել ծնկահոդի ֆիքսատրով անշարժացումը ևս մեկ ամիս, որից հետո վերականգնողական բուժում: Ինչը ՔԿՀ-ում հնարավոր չէ իրականացնել: Պաշտպանի՝ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին 2021 թվականի դեկտեմբերի 22-ին հասցեագրված հարցմանն ի պատասխան, 2022 թվականի հունվարի 12-ին ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացվել է գրություն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում խորհուրդ է տրվել պլանային կարգով կատարել Արեն Արամյանի ԷՆՄԳ հետազոտություն, իզոնետրիկ և վերականգնողական վարժություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սիմպտոմատիկ բուժում: Նույն օրը Արեն Արամյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 2022 թվականի հունվարի 13-ին Արեն Արամյանը տեղեկացրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկությունում, բժիշկները առավոտյան իրեն հետազոտել են և հայտարարել, որ հիմնարկության պայմաններում, հնարավոր չէ իրականացնել ոտքի բուժումը և վերականգնումը: 2022 թվականի հունվարի 19-ին, Արեն Արամյանը հետազոտվել է Արմեդ ԲԿ-ում, որտեղ նրան հայտնել են, որ ոտքի ներվային համակարգը գրեթե չի աշխատում և եթե բժշկական միջամտություն չլինի, ապա կարճ ժամանակ անց ոտքի վերջույթը հնարավոր է ամպուտացնեն: /Այդ մասին հայտնել է հետազոտող բժիշկը, ներկա պահին փաստաթղթային ախտորոշումը դեռևս չի ստացվել/: Անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեական գործով է անցնում զինծառայողը, ակնհայտ է, որ կալանքի տակ գտնվելն անհամատեղելի է նրա վիրավորմանն ու հետագա բուժմանը. այս պահին նույնիսկ ոտքի վերջույթի ամպուտացման վտանգ կա։ Հույս ունեմ, որ այս գործոնները հաշվի կառնվեն և զինծառայողի խափանման միջոցը կփոխվի, այլապես ստացվում է, որ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներն այլ դրսևորմամբ շարունակվում են Հայաստանում»,- գրել է պատգամավորը։

 
 
 

Comments


bottom of page