top of page

Գերմանիայում մերժել են Նավալնիի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը

Sep 7, 2020
1 min read

Գերմանիայի Դաշնային բժշկական պալատը հայտարարել է, որ չի կարող մասնակցել Ալեքսեյ Նավալնիի գործի հետաքննությանը, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Այդպես է գերմանական կողմը մեկնաբանել Ռուսաստանի Ազգային բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալի առաջարկը համատեղ փորձագիտական խումբ ստեղծելու մասին, քանի որ գերմանացի և ռուս բժիշկների ստացած տվյալները տարբերվում են։ «Դաշնային բժշկական պալատը նաև շատ մտահոգված է Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակով և աջակցում է ռուսական կառավարությանն ուղղված դաշնային կառավարության պահանջներին՝ լիարժեք կերպով պարզաբանելու այն հանգամանքները, որոնք հանգեցրել են կյանքին սպառնացող առողջության վատթարացման»,- հայտարարել է Գերմանիայի Դաշնային բժշկական պալատի մամուլի ծառայությունը։ Պալատը նաև հայտարարել է, որ ստացել է միջադեպի հետ կապված բժշկական տվյալները և կասկած չունի Գերմանիայում կատարված բժշկական հետազոտությունների որակի առումով։ Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ գերմանական օրենքի համաձայն՝ հետագա հետազոտություններ կարող են նախաձեռնել միայն հիվանդի հարազատները։ «Դաշնային բժշկական պալատը չի կարող մասնակցել հետաքննություններին, քանի որ հետաքննող մարմին չի հանդիսանում։ Հետաքննությունները պետական մարմինների լիազորություններն են», – հայտնել են մամուլի ծառայությունից։ Գործակալությունը հայտնում է, որ շաբաթ օրը Ռոշալը գերմանացի գործընկերներին կոչ էր արել աշխատանքային խումբ ստեղծել Նավալնիի հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու համար։ Նա ընդգծել էր, որ քաղաքական գործչի վիճակի պատճառները մինչև այժմ հայտնի չեն, ռուս բժիշկները փրկել են նրա կյանքը, սակայն կատարված հետազոտությունները թունավորման հետքեր չեն հայտնաբերել, մինչդեռ գերմանացի բժիշկները թույնի հետքեր գտել են։ Ռոշալն ընդգծել է, որ բժիշկները պետք է քաղաքականությունից դուրս մնան։


Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնին սկսել էր բուժում ստանալ։ Օրեր անց քաղաքական գործչին տեղափոխել էին Բեռլին։ Գերմանական կողմը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկի» խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութ։

 
 
 

Comments


bottom of page