top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գերմանիայի կառավարությունը որոշել է ևս 10 ամսով երկարաձգել Բունդեսվերի առաքելությունն Աֆղանստանում


Գերմանիայի կառավարությունը որոշել է եւս 10 ամսով՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը երկարաձգել Բունդեսվերի առաքելությունն Աֆղանստանում: ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողության շրջանակներում Աֆղանստանում գերմանացի զինվորականների ներկայության մանդատը լրանում է մարտին: Բունդեսվերի զինվորների թիվը Աֆղանստանում չպետք է գերազանցի 1300-ը: Առաքելությունը երկարաձգելու որոշումը դեռ պետք է հաստատվի Բունդեսթագի կողմից, հաղորդում է DW-ն:

Բունդեսվերի զինվորները Աֆղանստան ուղարկվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Նույն տարվա դեկտեմբերին Բունդեսթագը տրամադրել է Հինդու-Կուշում ՆԱՏՕ-ի հրամանատարության առաքելությանը գերմանացի զինվորականների մասնակցության առաջին մանդատը: 2014-ի դեկտեմբերին Հյուսիսատլանտյան դաշինքն ավարտել է երկրում 13-ամյա ռազմական գործողությունը եւ 2015-ի հունվարի 1-ից սկսել է «Վճռական աջակցություն» առաքելությունը, որն ուղղված է աֆղանական կառավարական ուժերի պատրաստմանը:

2020-ի փետրվարին ԱՄՆ-ը համաձայնագիր էր ստորագրել «Թալիբան»-ի հետ՝ փոխարենը խոստանալով թալիբների անվտանգության երաշխիքների դիմաց մինչ 2021 թվականի կեսերը իր զորքերը ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից: Սակայն այս համաձայնագիրը չի դադարեցրել երկրում բռնության աճը, ինչի կապակցությամբ հարցականի տակ է մնում երկրից ամերիկացի զինվորների դուրսբերման ժամկետը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page