top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գերիների անհապաղ վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ «Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով: Պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական ժամանակահատվածում մարդու իրավունքների լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների որոշման գործընթացի պատճառով: Արման Թաթոյանն ընդգծել է, որ ոչ միայն չի դադարել, այլ նաեւ նոր զարգացումներ է ստացել Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։ Հանդիպման ընթացքում պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունն ու մասնավորապես՝ ընդգծել է համատեղ աշխատանքը մարդու իրավունքների երկխոսության ու մի շարք այլ ծրագրերի ֆորմատով: Պաշտպանը վերահաստատել է համատեղ աշխատանքի հանձնառությունը, որն ուղղված է ԵՄ աջակցությամբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում: ԵՄ պատվիրակությունն իր հերթին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում եւ պաշտպանի հետ համագործակցության կարեւորությունը: Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի նոր ուղղություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page