top of page

Գագիկ Հարությունյանը կարող էր շատ նշանակալի դեր խաղալ դատական համակարգում. Լուսինե Հակոբյան

May 28, 2019
2 min read

Տեղի ունեցավ «ԲԴԽ հրաժարականի և ՍԴ ցրելու հարցը. դատական համակարգի բարեփոխո՞ւմ, թե՞ անձերի փոփոխություն» թեմայով քննարկում: Բանախոսները՝ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, անդրադարձան Բարձրագույն  դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո նրա ղեկավարած կառույցում և Սահմանադրական դատարանում տեղի ունենալիք զարգացումներին։

Բանախոսները, անդրադառնալով մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին, ընդգծեցին, որ Հարությունյանի անունը կապվում էր հայաստանյան ընտրական համակարգի ձախողումների, ընտրական վեճերի անհաջողությունների հետ։  Գագիկ Հարությունյանը պետական պաշտոններ է զբաղեցրել բոլոր իշխանությունների օրոք։ Նա ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ 22 տարի (1996-2018 թթ․) զբաղեցրել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի կարծիքով՝  Գագիկ Հարությունյանը կարող էր շատ նշանակալի դեր խաղալ դատական համակարգում, բայց չխաղաց։ «Երբևէ ընտրական վեճերը արդարացի լուծում չունեցան, քանի որ բոլորին հայտնի էր, որ Սահմանադրական դատարանի 9 դատավորներն ինքնուրույն որոշում չէին կայացնում․ որոշիչ դերը Գագիկ Հարությունյանինն էր։ Նա դատական համակարգի կայացմանը խոչընդոտողներից էր»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն էլ ուշացած որակեց Գագիկ Հարությունյանի հրաժարականը։ Ըստ նրա՝ միայն հրաժարականը բավարար չէ։ «Գագիկ Հարությունյանը պետք է պատասխան տա բոլոր բացթողումների համար։ Ամենաթողություն կլինի, պաշտոններ զբաղեցնելն ու հետո հրաժարական ներկայացնելը։ Ունեցել ենք անօրինականություններ, երբ նա ղեկավարել է Սահմանադրական դատարանը, չունենք որևէ ակտ, որ կայացվել է ժողովրդի օգտին։ Հարությունյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Մարինա Պողոսյանը։ Բանախոսների համոզմամբ՝ թե Բարձրագույն դատական խորհրդում, թե Սահմանադրական դատարանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք պետք է հետևեն Գագիկ Հարությունյանի օրինակին՝ չսպասելով վեթինգի պաշտոնական գործընթացի մեկնարկին։ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավոր անդամներն են: Արդյո՞ք ԲԴԽ կազմն ամբողջությամբ պետք է հրաժարական տա, թե այդուհանդերձ, այն կկարողանա անկախ գործել։ Հարցի վերաբերյալ բանախոսները միակարծիք չեն։ Լուսինե Հակոբյանի պնդմամբ՝ թեև լուրջ փոփոխությունների կարիք կա ԲԴԽ-ում, սակայն կառույցի բոլոր անդամների հրաժարականն այս պահին պահանջելն իրատեսական չէ։ «Եթե հիմա հրաժարական տան, ովքե՞ր են լինելու նրանց փոխարինողները, ԲԴԽ անդամ 5 դատավորները պետք է ունենան 10 տարվա աշխատանքային փորձ, դժվար գտնվի դատավոր, որն աշխատում է 2009-ից և անբիծ կենսագրություն ունի։ Այս պահին չենք կարող գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Ավելի իրատեսական է օրենք ընդունել վեթինգի մասին, դատական օրենսգրքում փոփոխութուններ կատարել, որոնց միջոցով հնարավոր կլինի ստեղծել այնպիսի խորհրդակցական մարմին, որը կարող է հակակշռել ԲԴԽ-ին»,- նշեց Լուսինե Հակոբյանը։  Քննարկման մյուս բանախոս Մարինա Պողոսյանի դիրքորոշումն ավելի կոշտ է․ «Եթե ԲԴԽ-ի լինել-չլինելով ոչինչ չի փոխվում, ապա ԲԴԽ ամբողջ կազմը պետք է հրաժարական տա, պետք է ստեղծել անցումային մարմին»,- համոզված է  «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահը։  Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործունեությանը՝ բանախոսներն ընդգծեցին, որ նա եղել է Սերժ Սարգսյանի ռեժիմի կարկառուն ներկայացուցիչը։ Ուղիղ թելերով կապված լինելով նախկին իշխանությունների հետ, չի կարող դավաճանել նրանց։ «Հրայր Թովմասյանը չի կարող դավաճանել պապային, փարավոնները որ մահանում են, ստրուկներին էլ իրենց հետ պետք է թաղեն»,- ասաց Մարինա Պողոսյանը։ Լուսինե Հակոբյանն էլ ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի պատմության մեջ չի եղել ավելի հեղինակազուրկ նախագահ, ինչպես Հրայր Թովմասյանը։ 

 
 
 

Comments


bottom of page