top of page

Բույսերից թունավորման դեպքեր են եղել

May 22, 2019
1 min read

Հայաստանում շարունակվում են գրանցվել բույսերից թունավորման դեպքեր։ Գրանցված դեպքերը հիմնականում երեխաների շրջանումեն, ընդ որում ինչպես սենյակային դեկորատիվ բույսերից, այնպես էլ մոլախոտերից:

Առավել հաճախ երեխաները թունավորվում են գժախոտից, որն ունի հրապուրիչ ծաղիկներ, քաղցր համ: Գժախոտից թունավորման ժամանակ գրգռվում է կենտրոնական նյարդային համակարգը և ճնշվում ծայրամասային նյարդերը:

Թունավորման ախտանշաններն են՝ հաճախասրտություն, լորձաթաղանթների չորություն, չոր հազ, հնարավոր են նաև ցնցումներ:

Ազդեցության նախնական փուլում նկատվում է գրգռվածություն, որն արտահայտվում է չկապակցված խոսքով և առանց պատճառի ծիծաղով, ցրվածությամբ, իրար հաջորդող արգելակման և ակտիվության փուլերի կրկնությամբ: Նկատվում է նաև զառանցանք ու ցնորք: Գրգռման փուլին հաջորդում է երկարատև խորը քուն՝ ուղեկցվող վառ տեսիլքներով և երազներով: Արթնանալուց հետո տուժածներն ունենում են հիշողության բացակայություն, լուսավախություն, որը կարող է շարունակվել մի քանի օր:

Բույսերի թունավորումից զգուշանալու նպատակով անհրաժեշտ է ճանաչել մեր շրջապատում, բակերում և տնամերձ հողամասերում հաճախ հանդիպող բույսերը, կարողանալ տարբերել թունավոր բույսերը և զգուշանալ դրանցից: Հայաստանում հանդիպող թունավոր բուսատեսակներից են ընձախոտը, գնարբուկը, մորմը, ագռավաչքը, շնդեղը, հովտաշուշանը, մատնորակը և այլն:

Թունավորումներից և անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակովառողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

· թունավորման նախանշանների դեպքում (փորացավ, սրտխառնոց, ստամոքսի խանգարում, գլխապտույտ) անմիջապես դիմել բժշկի, քանի որ կան որոշ թունավոր բույսեր, որոնք բավականին արագ են ազդում օրգանիզմի վրա,

· երեխաներին հասանելի վայրերից հեռացնել թունավոր բույսերը,

· ճանաչել, տարբերել և զգուշանալ թունավոր բույսերից,

· ձեռք չտալ անծանոթ բույսերի:

 
 
 

Comments


bottom of page