top of page

Բլինքենը կայցելի Բելգիա, Լեհաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա

Mar 3, 2022
1 min read


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 3-ից 8-ը կայցելի Բելգիա, Լեհաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա եւ Էստոնիա: Ուղեւորությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ եվրոպացի գործընկերների հետ լայնածավալ խորհրդակցությունների եւ համակարգման շարունակությունն է՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող գործողությունների հետ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Բլինքենը կսկսի իր շրջագայությունը Բրյուսելից, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, կհանդիպի ԵՄ գործընկերների հետ, կմասնակցի G7 նախարարների հանդիպմանը եւ լրացուցիչ հանդիպումներ կունենա գործընկերների հետ՝ քննարկելու ռուսական ներխուժմանը գլոբալ պատասխանը: Այնուհետեւ պետքարտուղարը մարտի 5-ին կմեկնի Լեհաստան, որտեղ կհանդիպի Լեհաստանի ղեկավարների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուի հետ՝ քննարկելու անվտանգության հետագա աջակցությունը: Ապա պետքարտուղարը կմեկնի Քիշնեւ՝ հանդիպելու նախագահ Մայա Սանդուի, վարչապետ Նատալյա Գավրիլիցեի եւ արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուի հետ: Մարտի 6-ին Բլինքենը կմեկնի Վիլնյուս՝ հանդիպելու նախագահ Գիտանաս Նաուսեդայի, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի եւ արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Մարտի 7-ին պետքարտուղարը կմեկնի Ռիգա, որտեղ կհանդիպի նախագահ Էգիլս Լեւիտսի, վարչապետ Քրիշյանիս Կարինշի եւ արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչի հետ, իսկ մարտի 8-ին՝ Տալլին։

 
 
 

Comments


bottom of page