Բեռլինում հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել՝ ընդդեմ սահմանափակումների

Բեռլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցերի։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Հնարավոր վտանգներից ելնելով՝ իշխանությունները չէին ցանկանում թույլատրել երթը, քանի որ մասնակիցները հնարավոր է չպահպանեին սոցիալական հեռավորությունը, սակայն օգոստոսի 29-ին դատարանը թույլատրել է անցկացնել հավաքն այն պայմանով, որ մասնակիցները պարտադիր կկրեն դիմակներ և կպահպանեն ֆիզիկական հեռավորություն։ Սկզբում բողոքի ցույցը խաղաղ ընթացք է ունեցել, սակայն վերջում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների։ Իրավապահների տվյալներով՝ փողոց է դուրս եկել մոտ 18 000 մարդ, այդ թվում երեխաներ։ Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը «Ֆրանս պրես» գործակալության թղթակցին հայտարարել է, որ ինքը դուրս է եկել փողոց պաշտպանելու իր ազատությունը։ Ոստիկանությունը երթի մասնակիցներից պահանջել է պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ավելի ուշ, Բեռլինի ոստիկանական վարչությունը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ցուցարարները չեն պահպանում անհրաժեշտ կանոնները, ուստի ոստիկանությունը ստիպված կցրի այն։ Ոստիկանությունը նաև հավելել է, որ ցուցարարների մեծ մասն իրենց կոչից հետո խաղաղ հեռացել է, սակայն նրանք, որոնք չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, բերման են ենթարկվել։
Օգոստոսի սկզբից ի վեր սա արդեն երկրորդ փողոցային ակցիան է, որը կազմակերպվել է «Querdenken» շարժման կողմից։ Ակցիային մասնակցել են նաև աջ ծայրահեղական խմբեր։ Ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ Ռոբերտ Քենեդու որդին Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը պատվաստման հայտնի ընդդիմախոսներից մեկն է։ Ավելի ուշ, նրա ելույթը դատապարտել են իր իսկ ընտանիքի անդամները։




Comments