Բելառուսում կաշխատեն ռուս լրագրողներ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուս է հրավիրել ռուս լրագրողների, որոնք կաշխատեն Բելառուսի հեռուստառադիոընկերությունում։ Վերջինս միավորում է Բելառուսի պետական հեռուստա և ռադիո ընկերությունները։
Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել է «Ձերժինսկի» գյուղատնտեսական կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նախագահը ասել է, որ ռուս լրագրողները ժամանել են այն բանից հետո, երբ պետական հեռուստաընկերությունների որոշ աշխատակիցներ «դուրս են թռել փողոց և սկսել մասնակցել բողոքի ցույցերին»։ «Ես խնդրել եմ ռուսներին. համենայն դեպս մեզ տվեք երկու-երեք խումբ լրագրողներ։ Նրանք առաջատար հեռուստաընկերություններից մեկի վեց կամ ինը աշխատակիցներ են»,- նշել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ ռուս լրագրողների ժամանումից առաջ, բողոքի ցույցերի որոշ մասնակիցներ որոշել են շարունակել աշխատանքը Բելառուսի հեռուստառադիոընկերությունում։ Լուկաշենկոն հավելել է, որ ռուս լրագրողները Բելառուսում իրենց աշխատանքի համար չեն վճարվում։ «Մենք ռուսներին ընդհանրապես չենք վճարում։ Լսեք, միթե ես վեց կամ ինը մարդու համար Ռուսաստանում չեմ գտնի ընկերներ, որոնք կաջակցեն այդ մարդկանց»,- նշել է նա։
Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքում սկսված բողոքի ցույցերի ֆոնին բելառուսական պետական հեռուստաընկերություններից հեռացել են մի շարք լրագրողներ և հաղորդավարներ։ Ինչպես, «Беларусь 1» հեռուստաընկերությունից իր հեռանալու մասին հայտարարել է նաև հայտնի հաղորդավար Եվգենի Պերլինը, որ վարում էր երեկոյան շոու։




Comments