Բանակում «Հելթ թոն» հավելանյութի «փորձարկումներ» չեն իրականացվում

Մայիսի 16-ին «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում հաղորդավարն անդրադարձել էր նոր տիպի կորոնավիրուսի բուժմանն աջակցող «Հելթ թոն» (Health tone) հավելանյութին՝ նշելով, թե անհայտ ծագման այդ դեղամիջոցը փորձարկում են բանակում՝ զինվորների վրա: Կորոնավիրուսով վարակված զինվորների շրջանում հավելանյութի օգտագործման մասին գրել էր նաև ինդոնեզական merdeka.com-ը։ Ամենայն հավանականությամբ այս լրատվամիջոցին հղում անելով էլ՝ հաղորդավարը հայտնում է պրեպարատն արտադրող «անհայտ» ընկերության, դրա կասկածելի արդյունավետության և զինվորների վրա փորձարկման մասին։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց «Ռիա Ֆարմասյութիքլ» ՍՊԸ-ի տնօրեն Եվգենիա Մելքոնյանի հետ։ Նա հայտնեց, որ «Հելթ թոն»-ը ոչ թե փորձարկումների փուլում գտնվող ինչ-որ դեղորայք է՝ ստեղծված COVID-19-ի բուժման համար, այլ՝ սննդային ակտիվ հավելում՝ հակաօքսիդանտ։
«Հելթ թոն» սննդային հավելումն իրենից ներկայացնում է հինգ բուսական եթերայուղերի խառնուրդ։ Այն արտադրվում է «Ռիա Ֆարմասյութիքլ» ՍՊԸ-ի կողմից, որը «ՌԻԱ Ֆարմասյութիքլ Սայնսիս» սինգապուրյան կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում։
Ընկերությունը Հայաստանում սկսել է գործել 2016-ից, իսկ հավելանյութը գրանցվել է 2019-ի մարտին։ Նշենք, որ «Հելթ թոն»-ը գրանցված է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։




Comments