Բախումներն Ադրբեջանի հետ սահմանին սպառնալիք են Հայաստանի համար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Իհարկե, մենք կարծում ենք, որ բախումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին սպառնալիք են տարածաշրջանի եւ, իհարկե, Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամի անվտանգության համար։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, այս մասին Երեւանում օգոստոսի 10-ին մի քանի ԶԼՄ-ների լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այդ իրավիճակը, նրա հավաստիացմամբ, մշտապես գտնվում է ՀԱՊԿ տեսադաշտում։ «Մենք մոնիթորինգ ենք իրականացնում, առաջին հերթին, Հայաստանի պետական կառույցների աջակցությամբ»,- ավելացրել է նա։ Զասը խոր մտահոգություն է հայտնել այն առիթով, որ սահմանամերձ բախումների աշխարհագրությունը վերջին ժամանակներս ընդլայնվում է։ Նա նշել է, որ դա չի նպաստում աշխատանքներն սկսելուն եւ, ընդհանուր առմամբ, դժվարացնում է ղարաբաղյան հակամարտության լուծման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման պարտավորությունների կատարումը։ «Եթե խոսենք ստեղծված իրավիճակի, խնդիրների լուծման միջոցների մասին, ապա մենք կարծում ենք, որ, իհարկե, քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավորությունները չեն սպառվել։ Դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար։ Մենք սպասում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի բանաձեւը դրական արդյունք պետք է ունենա։ Սպասում ենք նաեւ, որ բոլոր կողմերը կենտրոնանան տարաձայնությունների քաղաքական եւ դիվանագիտական լուծման վրա»,- ընդգծել է Զասը։




Comments