Աֆղանստանը մարդասիրական օգնություն է ստացել 5 երկրից

Արդեն 5 պետություններ մարդասիրական օգնություն են ուղարկել Աֆղանստան։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Խոսքը Կատարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Պակիստանի և Թուրքմենստանի մասին է։
Այսօր կեսօրին Քաբուլ է ժամանել մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռ Պակիստանից։ Բեռներում եղել է սնունդ և դեղորայք։ Եվս երկու ինքնաթիռ Պակիստանից վայրէջք են կատարել Կանդահարում և Խոստում։
Քաբուլում մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռներ են վայրէջք կատարել նաև ԱՄԷ-ից և Բահրեյնից։ Օգնություն ուղարկած երկրների թվում է նաև Կատարը։
Թալիբներն իրենց հերթին հայտնել են, որ մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակ էլ Թուրքմենստանից Աֆղանստան է ուղարկվել ցամաքային սահմանով։
Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր Աֆղանստանում սովի սպառնալիքի մասին։ Երկրում զգացվում է նաև դեղորայքի սուր պակաս։ ՄԱԿ-ը վերսկսում է թռիչքները դեպի Աֆղանստան։ Երկրի նահանգներում կարող են իրենց գործունեությունը շարունակել 160 մարդասիրական կազմակերպություններ։




Comments