Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ավիափոխադրումների ոլորտը հարվածի տակ է հայտնվել․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օդային փոխադրումների հայրենական ոլորտը հարվածի տակ է՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Նա ընդգծել է, որ իրավիճակը սրվել է «ոչ ադեկվատ պատժամիջոցների» եւ «մեր նախկին արեւմտյան գործընկերների որոշումների պայմաններում»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Հենց նախկին, քանի որ նրանք հրաժարվում են աշխատել մեզ հետ»,- ասել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ ավիացիոն ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար, քանի որ այն խթանում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի զարգացումը եւ աշխատատեղեր ստեղծում՝ միաժամանակ «կարեւոր դեր խաղալով տրանսպորտի հասանելիության ապահովման գործում», հաղորդում է MK-ն։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ հայտարարել է քաղաքացիական ավիացիայի զարգացման համար տնտեսական մոդելի ստեղծման անհրաժեշտության մասին, որը կորոշեր ավիափոխադրումների որակի եւ մատչելիության պահանջները։ Նա նաեւ մատնանշել է ավիաշինարարների եւ ավիաընկերությունների շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը՝ ռուսական ինքնաթիռների գնման եւ օգտագործման համար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով։




Comments