top of page

Արցախցին է իր հողի տերը. Թևան Պողոսյան

Jan 30, 2020
2 min read


ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարդացի Աննա Նաղդալյանի նշումը երկար հանդիպման մասին ու տեղեկությունը, որ այն այսօր էլ կշարունակվի։ Կսպասենք դրական լուրերի:

Մի քանի դիտարկում Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին օրերի քննարկումների շուրջ.

1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է` ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:

2. Տարբեր երկրների ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:

3. «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց»: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված:

4. Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք:

5. Իմ ասած` Դուխով...

Հ. Գ. Հուսամ, որ Նաղդալյանի` «Ինչպես նշել ենք, հանդիպման անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի» ձևակերպումը նշանակում է, որ դեմ ենք տվել Արցախի մասնակցության, հումանիտար շփումների և ռիսկերի նվազեցման, հրադադարի ամրապնդման մեր դիրքերը կամ այլ կերպ ասած բովանդակային վիեննա-սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունները հետ բերելու: Իսկ Արցախում սպասվող ընտրություններից հետո շատ բան տեղը կընկնի, հատկապես արհեստածին շփումների անէացման առումով»։

 
 
 

Comments


bottom of page