Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ստեփանակերտի 1/30 ընտրական տեղամասում ընտրություն

Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ստեփանակերտի 1/30 ընտրական տեղամասում ընտրություններն ընթանում են օրենքի պահանջներին համապատասխան։
Այս մասին հայտնել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գայանե Գևորգյանը։
Նրա խոսքով` տեղամասում գրանցված է 1 186 քաղաքացի, ժամը 11։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 130-ը։
«Ապահոված ենք պաշտպանիչ միջոցներով։ Այս պահին ընտրողների ավելի մեծ հոսք է նկատվում։ Ընտրություններն ընթանում են օրենքի պահանջներին համապատասխան»,-մասնավորապես ասել է Գ. Գևորգյանը։
Նա հավելել է, որ վաղ առավոտից ընտրական տեղամաս են այցելել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ընտրատեղամասում ներկա են «Քաղաքացիական աջակցության միջազգային կենտրոն» ՀԿ-ի դիտորդները։
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։ Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Նորայր Շողիկյան




Comments