Արտաշատի ԲԿ-ում 3 պացիենտ ապաքինվել է կորոնավիրուսից․ նրանք դուրս են գրվել հիվանդանոցից

Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած 1 պացիենտ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը։
«Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում: Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2 պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն ևս դուրս են գրվել այսօր Կենտրոնից:Պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած: Կենտրոնի բուժանձնակազմը, կիսելով պացիենտների ուրախությունը, նրանց ճանապարհել է ծափահարությունների ուղեկցությամբ»,- գրել է Սմբատյանը:
Հայաստանում ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1677 է, արձանագրվել է մահվան 28 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 17 հազար 342 թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 75-ով, և բուժվածների թիվը դարձել է 803։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:




Comments