«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար (լուսանկար)

Կանադայում բնակվող հայ նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը Տորոնտոյում ակցիա է անցկացրել: Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում պարաններ է կախել՝ «արյունոտ» հագուստներով։
«Մենք բոլորս բախտավոր ենք, որ ապրում ենք խաղաղ երկրում՝ Կանադայում, բայց հարմարավետությունն ու ազատությունը կարող են ժամանակավոր լինել։ Այսօր աշխարհի մյուս ծայրում՝ Հայաստանում և Արցախում մարդիկ են զոհվում։ Միջազգային հանրությունը, չգիտես ինչու, որոշեց աչք փակել Թուրքիայի և Ադրբեջանի՝ մարդկանց սպանելու որոշման վրա։
Արյունոտ հագուստի այս ակցիան ցույց է տալիս, որ պատերազմը փոխել է առօրյա կյանքը, իսկ արյունոտ հագուստի լվացքը դարձել է Ղարաբաղի ողբերգության խորհրդանիշը»,- ասել է ակցիայի հեղինակ Մարիամ Մուղդուսյանը։ Միջոցառման մասնակիցները կրել են Հայաստանի և Արցախի դրոշներ, «Ճանաչեք Արցախը», «Դպրոցները ռմբակոծվում են», «Պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի դեմ» և նման բովանդակությամբ այլ պաստառներ
«Բոլորիս ցավը նույնն է, կանադական հասարակությանը նաեւ այսպես ենք փորձում բացատրել, թե ինչպես խաղաղ բնակչությունը զոհ դարձավ թուրք-ադրբեջանական ագրեսիային…Կար մտավախություն, որ արյունոտ լվացքը կարող է մարդկանց մոտ շոկ առաջացնել, բայց մենք ուզում ենք, որ շոկ առաջանա, որպեսզի վերջապես արձագանքեն, փորձում ենք խոսել արվեստի լեզվով, ներգրավել հնարավորինս շատ արվեստագետների, մեդիայում, մշակույթի ոլորտում ազդեցություն ունեցող մարդկանց….Երբեք չէի մտածի, որ այսպիսի ինտալյացիա մտքովս կանցներ, այն էլ այստեղ: Բայց պետք է գործենք բոլոր ոլորտներում: Ուրբաթ օրն էլ մեկնելու ենք Օտտավա: Սա բողոքի սկիզբն է, Կանադայի կառավարությունը պարզապես պարտավոր է լսել մեր ձայնը»,-նշել է արվեստագետը:











Comments