Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է
Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է Հայաստանի
հետաքրքրվածությունը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում`
Արգենտինայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: Նրա խոսքով` չնայած
աշխարհագրական հեռավորությանը` առկա են լավ նախադրյալներ երկկողմ
հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը
կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական
բարեկամական խմբերի գործունեության, փոխայցերի եւ միջազգային
դիվանագիտության դերը:
ԱԺ նախագահը ողջունել է Արգենտինայի խորհրդարանի որոշումը` ապրիլի 24-
ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Հանդուրժողականության եւ ազգերի
միջեւ հարգանքի օր հռչակելու վերաբերյալ: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի
հարցի կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը` օրենսդիր մարմնի ղեկավարը
վերահաստատել է խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծման
Հայաստանի վճռականությունը` միջազգայնորեն մանդատ ունեցող միակ կառույցի`
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում:
Գոնսալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ իր երկիրը եւս սատարում է
հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Նա
մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, օրենսդիր
մարմինների միջեւ փոխգործակցությունը, եղած բարեկամական կապերը նոր
օրակարգով համալրելու անհրաժեշտությունը:
Կողմերն արժեւորել են միջազգային խորհրդարանական հարթակներում
համագործակցությունը, ի լրումն առկա քաղաքական ու մշակութային կապերի` նաեւ
տնտեսական ոլորտում գործակցության նպատակահարմարությունը:
Երկուստեք ընդգծվել է արգենտինահայ համայնքի` ինչպես Արգենտինայի
ներքին կյանքի տարբեր ոլորտներում, այնպես էլ հայ-արգենտինյան
հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած դերը:




Comments