Արագածոտնի մարզպետին լրացուցիչ վառելիք չէր հատկացվել Արցախ այցելության համար

Օգոստոսի 17-ին լրատվականներից մեկում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ օգոստոսի 5-7-ը, իր ծառայողական մեքենայով մեկնել է Արցախ՝ մասնակցելու Համահայկական խաղերի բացմանը և դրա շրջանակում ահռելի քանակի բենզին է դուրս գրել։
Լրատվականը նշել էր, թե մարզից 7-8 կիսադատարկ ավտոբուս է մեկնել Արցախ՝ տեղափոխելով խաղերի մասնակիցներին, սակայն մարզպետը չի ցանկացել մարզիկների հետ նույն ավտոբուսով մեկնել։ Ըստ լրատվականի՝ Դավիթ Գևորգյանը արարողությանն ընդամենը 2 ժամ է մասնակցել, սակայն Արցախում անցկացրել է 3 օր՝ վատնելով պետական միջոցները:
Անդրադառնալով այս տեղեկությանը՝ Արագածոտնի մարզպետարանը հանդես եկավ հերքմամբ, նշելով, որ մարզկենտրոն Աշտարակից Արցախ են մեկնել ընդամենը 1 ավտոբուս և 3 միկրոավտոբուս, որոնք ամբողջապես հագեցված են եղել և նրանցում որևէ ազատ նստատեղ չի եղել։ Այն, որ մարզպետը խուսափել է մեկնել մարզիկների հետ, չի համապատասխանում իրականությանը։
Մարզպետարանը նաև հայտնել էր, որ Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չէր հատկացվել՝ նա ստացել է օգոստոս ամսվա համար իրեն հասանելիք վառելիքը։




Comments