top of page

Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին

Jul 19, 2019
1 min read

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին: Փոխվարչապետը նշեց, որ ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ստեղծումից ի վեր արդյունավետ համագործակցություն է հաստատվել կառույցի հետ և երախտագիտություն հայտնեց ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ցուցաբերած օժանդակության համար։ Տիգրան Ավինյանն ասաց, որ Հայաստանը հանձնառու է կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակները և մտադիր է էլ ավելի մեծացնել երկրի դիմադրողականությունը՝ համաձայն Աղետների ռիսկերի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի և Փարիզի կլիմայի համաձայնագրի առաջնահերթությունների։ Փոխվարչապետը նշեց, որ հայ փրկարարները բավարար մասնագիտական փորձառություն ունեն և տարբեր երկրներում մասնակցում են միջազգային հումանիտար առաքելությունների և փրկարար գործողությունների: Այսպիսով, Հայաստանն իր ներդրումն է ունենում աղտների ռիսկերի նվազեցման միջազգային ջանքերին։ Միաժամանակ փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանը գտնվելով սեյմսավտանգ գոտում՝ նպատակ ունի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմամբ կատարելագործել աղետների վաղ կանխարգելման մեխանիզմները, ինչը հատկապես կարևոր է դպրոցների սեյսմակայունության ապահովման տեսանկյունից: Մամի Միզուտորին շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արտակարգ իրավիճակների նախարարության, արդյունավետ համագործակցության համար և հրավիրեց մասնակցելու ընթացիկ տարում Տաջիկստանում անցկացվելիք աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ քննարկմանը: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ հուլիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպված էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված միջոցառումն ուրույն հարթակ հանդիսացավ մասնակից երկրների համար՝ կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսական զարգացման մոդելը քննարկելու և միասնական քայլեր ձեռնարկելու առումով:

 
 
 

Comments


bottom of page