Առուշանյանին ձերբակալել են ապօրինի հավաքներ կազմակերպելու հոդվածով. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները եւ մի շարք փաստաբաններ գտնվում են ՔԿ Երեւանի կենտրոնական մասնաշենքում՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին տեսակցելու։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Առուշանյանին ձերբակալել են ապօրինի հավաքներ կազմակերպելու հոդվածով։
«Ես ծանոթ եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր վախերին, բայց այսպես առեւանգել քաղաքապետին, բերել-հասցնել Երեւան՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու հոդվածով, ընդ որում՝ վերջին ամիսներին ընդդիմադիր որեւէ գործիչ չկա, որ նշված հոդվածներով բերման ենթարկված չլինի, բայց որեւէ մեկի նկատմամբ կալանքի սանկցիա չի կիրառվել»,- ասաց Զոհրաբյանը եւ հույս հայտնեց, որ Գորիսի քաղաքապետին չեն կալանավորի։
«Այստեղ էլ ես տեսա իսկապես պարկեշտ մարդկանց, որոնք հասկանում են, որ քաղաքապետը փորձում էր Նիկոլ Փաշինյան-Ալիեւ-Էրդողան եռյակի ձեռքից փրկել մեծ թուրանի իրականացման ծրագրի այն հատվածը, որը պետք է անցներ Սյունիքով։ Այսինքն՝ քաղաքապետը՝ զինվոր քաղաքապետը, հրամանատար քաղաքապետը կատարել է իր պարտքը՝ հայրենիքի առջեւ։ Նիկոլ Փաշինյանը, նիկոլիզմը գալու եւ գնալու են, ահա այսպիսի տղաները մնալու են»,- նշեց Զոհրաբյանը։




Comments