top of page

Առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին

Mar 14, 2020
1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված հարցերում բնակչությանը հորդորում է պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե' բնակչությունից և թե' զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով:

Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները:

Իսկ բնակչությանը հորդորում ենք` պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին»,- գրել է Նիկողոսյանը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:

 
 
 

Comments


bottom of page