«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի դասական երաժշտության համերգ

Հունիսի 29-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենան աշխարահռչակ օպերային երգչուհի Լիաննա Հարությունյանը (սոպրանո), Հայկ Վարդանյանը (տենոր) և Ակսել Դավեյանը (բարիտոն)։ Կոնցերտմայստեր՝ Կատարինե Հովսեփյան (դաշնամուր)։ Համերգին մասնակցում է Անժելա Սարգսյանը (թավջութակ)։
Համերգային ծրագրում Պյորսելի, Մասկանիի, Վերդիի, Պուչինիի, Տոստիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։
Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի լավագույն վերդիական սոպրանոներից մեկն աշխարհում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, տենոր Սերգեյ Դանիելյանի դասարանում, այնուհետև Փարիզի Բաստիլ օպերայի ակադեմիայում: Լոնդոնի Թագավորական օպերայում համագործակցել է Անտոնիո Պապպանոյի և Յոնաս Կաուֆմանի, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ Ջեյմս Լիվայնի, Յանիկ Նեզե-Սեգենի և Պլասիդո Դոմինգոյի հետ: Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Իսպանիայի առաջատար օպերային թատրոններում և փառատոններում ներկայացել է «Դոն Կառլոս», «Մադամ Բաթերֆլայ», «Լա Բոհեմ», «Օթելլո», «Տրավիատա», «Իոլանտա», «Ադրիանա Լեկուվրյոր», «Տրուբադուր», «Սիցիլիական Ժամերգություն» և տասնյակ այլ օպերաներում գլխավոր դերերգերով:
Ակսել Դավեյանը 2012-18թթ․ սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի «Դասական վոկալ» բաժնում, Աննա Մուսայելյանի դասարանում։ 2018-ից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ակադեմիական երգեցողություն» բաժնում, ԵՊԿ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում։ 2019-ին արժանացել է «Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթ»-ի 1-ին կարգի մրցանակի։ 2020-ին «Դասական երգեցողություն» անվանակարգում արժանացել է «Պողոսյան երիտասարդական մրցանակ»-ի: 2021-ին հանդես է եկել Մալատեստայի դերերգով Օպերային ստուդիայում բեմադրված «Դոն Պասկուալե» օպերայում:
Հայկ Վարդանյանն իր օպերային կարիերան մեկնարկել է 2019-ին, Միլանում, «Տրավիատա» օպերայում Ալֆրեդո Ժերմոնի դերերգով: 2012-ից սովորում է Գայանե Բադալյանի դասարանում, 2017-ից սկսած զուգահեռ կատարելագործվում է Միլանում՝ Ջանֆրանկա Օստինիի դասարանում: 2018-2019 թվականներին ելույթներ է ունեցել Իտալիայի տարբեր քաղաքներում: 2021 թվականին մենահամերգներով հանդես է եկել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Լուիզ Սիմոն-Մանուկյան» սրահում, մասնակցել է դիրիժոր Յուրի Դավթյանի հիշատակին նվիրված համերգին Ազգային Ակադեմիական Օպերային թատրոնում: 2019-ից ղեկավարում է ԵՊԿ Օպերային ստուդիան, 2020-ից Կոնսերվատորիայի Բարեկամների հիմնադրամը:




Comments