Առաջին անգամն է, որ ստեղծագործության բեմականացման համար մարդուն զրկում են ազատությունից. Մելիքյան

Կարծում եմ, որ եթե իշխանություններին հաջողվի ստեղծագործության ազատությունն այսպես սահմանափակել, ապա մենք կունենանք շատ ավելի ցավալի իրավիճակներ: Օրինակ ինչ -որ քաղաքացի, պայմանական՝ Աշոտ Փաշինյան, կարող է միջոցներ ձեռնարկել, որ Րաֆֆու «Սամվելը» արգելված գրականություն դառնա, մեկ այլ քաղաքացի կարող է Դոստոևսկու «Ապուշը» արգելել, և այսպես արգելեն ստեղծագործելը, բեմականացնելը, երգելը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Նարեկ Մալյանի ձերբակալությանը:
«Հիշում եք, որ անցյալ տարի, ինչ որ պատգամավորներ խոսում էին, թե որքանով են իրավաչափ այն երգերը, որոնք վերաբերում են ազգային-ազատագրական բովանդակությանը»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ շատ ցավալի է, որ մեր իրավապահ մարմինները կատարում են այսպիսի խայտառակ պատվերներ:
«Ես հավատացնում եմ, որ այն մարդիկ, որոնք որ պատվերների կատարման գործընթացում են գտնվում նրանք հանրությանը հայտնի են դառնալու: Ես արդեն հրապարակել եմ քննիչի մասին տեղեկություններ և կարծում եմ, որ սա շատ կարևոր գործիք է հանրային պարսավանքի, որովհետև կարելի է տարբեր կերպ վերաբերել աշխատանքին, բայց միշտ լինում են կարմիր գծեր: Եթե դու բացարձակ անհիմն անձին անազատության ես ենթարկում, ստորագրում ես ձերբակալման որոշումը, էլ չեմ խոսում քրեական գործի մասին, որը զավեշտ է, ապա մարդիկ պետք է պատրաստ լինեն դրա համար օրենքի և հանրային բարոյականության սահմաններում ենթարկվել պատասխանատվության»,-ասաց իրավապաշտպանը:




Comments