Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ․ ԱՀ ԱԳՆ

Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից։ Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են: Կոչ ենք անում համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ»,- ասված է հայտարարության մեջ:




Comments