Անգամ եթե ես մահացած լինեմ, ես թույլ չեմ տա հանձնել երկիրը. Ալեքսանդր Լուկաշենկո

Ելույթ ունենալով Մինսկում՝ իր կողմնակիցների միտինգին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն հայտնեց՝ ասելով. «Երախտապարտ եմ, որ հանդուրժում եք ինձ արդեն քառորդ դար, մի մարդու, ով եկել է շրջանից: Ես կանչել եմ ձեզ, որ դուք պաշտպանեք ձեր երկիրը, անկախությունն ու ընտանիքները: Ես չէի ուզում ձեզ կանչել հրապարակ, դուք առանց այդ էլ շատ հոգս ու գործ ունեք: Դուք հացն եք հավաքում ու երեխաներին եք դպրոց ճանապարհում»,- ասել է նա:
Նա նաև հիշեցրել է, որ 90-ականներին, ելույթ ունենալով հրապարակի միտինգին, խոսք է տվել, որ այլևս թույլ չի տալու նման միտինգներ:
«Ես փողոցների ու հրապարակների կողմնակիցը չեմ, իմ մեղքը չէ, որ ստիպված ձեզ հրապարակ կանչեցի: Դե ասեք՝ դուք ի՞նչ եք ուզում: Ազատությո՞ւն: Է՞լ ինչպիսի ազատություն: Փոփոխություննե՞ր: Ի՞նչ փոփոխություններ, ի՞նչն ենք փոխելու: Բարեփոխումնե՞ր: Ասացեք՝ ինչպիսի, հենց վաղն էլ սկսենք»,- հայտարարել է նա:
Նա նաև ահաբեկեց՝ ասելով. «Բելառուսցիները կմահանան՝ որպես ազգ, եթե ընկնեն այն երկրների խելքին, որոնք պահանջում են նոր ընտրություններ: Նայեք, մեր սահմանից 15 թռիչքային րոպեի հեռավորության վրա են տանկերն ու ինքնաթիռները: Ու դա պատահական չէ: ՆԱՏՕ-ական զորքերի տանկերի թրթուրներն արդեն կրծում են մեր դարպասները: Մեր արևմտյան սահմանների մոտ ռազմական ուժերի կուտակումներ են՝ Լիտվան, Լատվիան, Լեհաստանը: Եվ, ցավոք, մեր հարազատ Ուկրաինան, որի ղեկավարությունը կարգադրում է մեզ նոր ընտրություններ անցկացնել:
Եթե միայն մենք ենթարկվենք նրանց, մենք կընկնենք տեղապտույտի մեջ և կվերանանք որպես պետություն, ազգ և ժողովուրդ: Անգամ եթե ես մահացած լինեմ, ես թույլ չեմ տա հանձնել երկիրը: Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առաջ, դուք դրան արժանի եք»:
Այս խոսքերից հետո, այնուամենայնիվ, Լուկաշենկոն բառացիորեն ծնկի չիջավ, այլ միայն խոնարհվեց:




Comments