top of page

Այսօր Դիլիջան քաղաքի օրն է

Sep 6, 2020
2 min read

Սեպտեմբերի 6-ը Դիլիջան քաղաքի օրն է:


Ռուսական Calend.ru-ի օրացույցում սեպտեմբերի 6-ը նույնպես նշված է որպես Դիլիջանի օր:

1958թ.-ին Դիլիջանն ստացել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ, իսկ 1996թ.-ից որպես վարչական միավոր մտնել է Տավուշի մարզի մեջ։ Դիլիջանի տարածքում կան հանքային աղբյուրներ, որոնցից երկուսից կատարվում է շշալցում։

Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոսի և վրացական Աբաստումանի հետ։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է հենց Դիլիջանում (1921թ.)։


Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոց, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2 մասնաճյուղ։


Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ: Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը:Դիլիջան քաղաքի անվան ստուգաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածքներ, որոնք, որպես կանոն, ժողովրդական բանահյուսության արդյունք են։ Ամենահայտնի տարբերակի համաձայն բնակավայրը անվանվել է ի հիշատակ Դիլի անունով մի հովվի։ Դիլին ինքնամոռաց սիրահարված էր իր իշխանավոր տիրոջ դստերը և նույնիսկ մոռացել էր իրենց միջև առկա բազմաթիվ տարբերությունների մասին։ Մի օր իշխանը իմանալով այդ մասին, հրամայում է Դիլիջանի խիտ անտառներում այնպես մոլորեցնել հովվին, որպեսզի ոչ ոք այլևս նրան գտնել չկարողանա: Իսկ հովվի մայրը օր ու գիշեր լացելով փնտրում էր մինուճար որդուն՝ «Դիլի՜, Դիլի՜ ջան» կանչելով:


Մեկ այլ վարկածի համաձայն «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են «Դիլիջան» անվանումը: Առկա է նաև պատմական վարկած, համաձայն որի քաղաքի անվան ծագումնաբանությունը կապվում է համանուն իշխանի անվան հետ։ Այնուամենայնիվ, այս ենթադրությունը որևէ գիտական հիմնավորում չունի և չի օգտագործվում պատմագիտութական շրջանակներում։

Որոշ գիտնականներ կարծում են, որ Դիլիջանը կարող է անվանակոչված լինել նույնանուն անձնանվան օրինակով։ Մոսկվայի կայսերական հնագիտության ընկերության անդամ՝ պատմաբան Մ. Սմբատյանը իր «Տեղեկագիր Գեղարքունիքի ծովազարդ գավառի» աշխատությունում գրել է.


« Հովհաննեսի թոռ, Տեր-Մաթևոսի որդի Դիլիջանը իր որդիներ Աբրահամի, Սարգսի, Փիրհամզի և իր կին Սիրմայ խաթունի հետ տեղափոխվել է Գավառից Ղշլաղ, ուր և 1544 թվականին կապել է կամուրջ»:

 
 
 

Comments


bottom of page