top of page

Այս քրեական գործն իրավական տեսակետից տրամաբանությունից դուրս է. Արծվիկ Մինասյան

Feb 21, 2021
2 min read

«Ինչ այժմ կատարվում է Հայաստանում, դավաճանությունը այլ մարդկանց վրա բարդելու, դավաճանությամբ հայրենիքը հանձնելու ընթացքում նոր հանցագործներ ձեւավորելու մի այլանդակ միտում է սկսվել, եւ այս ամենը մեր պետության առաջ սպառնալիք է, երբ հայրենադավը իր խունտայի հետ միասին փորձում է սահմանափակել եւ հատկապես վարկաբեկել մարդկանց, ովքեր իրենց գործունեության ամբողջ ընթաքում նպաստել են հայոց պետականության ամրացմանը։ Բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում եւ ներկայացնում են պարզ, հստակ դավաճանոթւյան հստակ քայլերը եւ ռազմաքաղաքական ղեկավարության ապիկար լինելը, իրենց համար արդեն վտանգ են ներկայացնում։ Ոչ միայն Կարեն Բեքարյանը, Սաղաթելյանը, ոչ մի այլ անձ, ով կարողանում է հոդաբաշխ լեզվով ներկայացնել իրականությունը, եւ այն էլ ոչ ավել, ոչ պակաս, երբ 44 օր պետական լրատվամիջոցը ստում էր, կեղծում էր եւ քողարկում էր իրական ճակատային գիծը, բոլոր նրանք, ովքեր հիմա քողարկում են այս իշխանությանը այդ գործողությունների համար, բոլորը այսօր հայտնվել են թիրախում»,- այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ այդ քրեական գործն իրավական տեսակետից տրամաբանությունից դուրս է.

«Եթե չեմ սխալվում, մեղադրանքը ներկայացվում է ռազմական դրության կանոնների խախտմամբ… սա ոչ միայն ծիծաղելի է իրավական տեսակետից, սա նույնիսկ տրամաբանությունից դուրս է․ այն դեպքում, երբ թե՛ Սահմանադրական դատարանն է կասեցրել այս դրույթը, թե՛ Վարչական դատարանն է հավաքների ազատության արգելքը քննելիս անդրադարձել այս նորմին՝ վկայակոչելով ՍԴ որոշումը, այսքանից հետո քրեական գործի շրջանակներում իրականացնել ձերբակալություններ եւ փորձել դա ներկայացնել որպես ռազմական դրության կանոնների խախտում, առաջին քրեական գործը պետք է հարուցվեր հենց պետական լրատվամիջոցների եւ այն անձանց նկատմամբ, որոնք կեղծում էին իրականությունը, խաբում էին հանրությանը՝ սկսած գլխավոր դավաճանից, ավարտված ռազմաճակատից տեղեկատվություն տվող պետական լրատվամիջոցի ներկայացուցիչներով, որովհետեւ սրանք բոլորը հանցագործներ են, հանցանք են կատարել հայ ժողովրդի, մեր պետականության, անվտանգության հանդեպ։ Ըստ էության, այս թատերական ներկայացումը տանում է նրան, որ ռեժիմի օրերը հաշված են, դիմանալ է պետք, պայքարել է պետք, որովհետեւ իսկապես հաղթանակն ու հաջողությունը լինելու են հայ ազգի կողմը»։

Արծվիկ Մինասյանն ընգծեց, որ ԱԱԾ-ն ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլեւ շարունակաբար աղավաղում եւ վարկաբեկում է այս ծառայության իրական իմաստն ու նպատակը.

«Երբ նույն լծակներն ունեցող իշխանության ապիկարությունը իրենց դեմքին ասվում է, նրանք դառնում են ավելի կատաղած եւ փորձում են ճշմարտությունը ասողին ամեն կերպ սահմանափակել։ Սա մարդկային պարզ տրամաբաություն է, եւ այն հոգեվիճակում, որում գտնվում է իշխանությունը, ակնհայտ է, որ այն գործադրելու է բոլոր լծակները, իսկ դրա ամենաազդեցիկ եւ հանրային ընկալման տեսակետից սարսափ առաջացնող ծառայությունը ԱԱԾ-ն է։ Մեծ հաշվով ԱԱԾ-ն ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլեւ շարունակաբար աղավաղում եւ վարկաբեկում է այս ծառայության իրական իմաստն ու նպատակը։ ԱԱԾ-ն, որ նախապատերազմական շրջանում, պատերազմի ընթացքում եւ հիմա պետք է զբաղվեր իշխանության մեջ դավաճաններին բացահայտելու, վեր հանելու գործով, զբաղված է լրիվ այլ բանով՝ փորձել այն լեքսիկոնը, որի շատ փոքր մասն օգտագործվում հանրության կողմից իշխանության հանդեպ՝ ի տարբերություն իշխանությունն այսօր բռնազավթած ամենատարբեր ներկայացուցիչների կողմից օգտագործվածի՝ ուղղված հանրության տարբեր ներկայացուցիչների, փորձում է ստեղծել մի կերպար, թե ԱԱԾ-ն լուրջ գործով է զբացված։ Ամոթ է, քանի որ սրանով վարկաբեկվում է ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ Հայաստանի Հանրապետությունը» շեշտեց Մինասյանը։

 
 
 

Comments


bottom of page